Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ օրհնվեց ոսկե ծիրանը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ օրհնվեց ոսկե ծիրանը

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ օրհնվեց ոսկե ծիրանը

Հուլիսի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանն էր: Սրբազան հորը եկեղեցու բակում դիմավորեց հոգևորականների թափորը, որին միացել էին նաև թեմի երիտասարդական կառույցների անդամները:
 

Հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կատարեց ծիրանի օրհնության կարգ:

 

Նավասարդ Սրբազանն իր ողջույնի ու օրհնության խոսքն ուղղեց փառատոնի բացման առթիվ` ի մասնավորի նշելով. «Սիրելի հայորդի´ք, քիչ առաջ մասնակցելով Ս. Պատարագին` ստացաք Ս. Հաղորդություն՝ ճաշակելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը, և տեսաք, որ քաղցր է: Իսկ այս պահին օրհնեցինք հայոց ծիրանը, աստվածատուր այս պտուղը, որը դարձել է կինոփառատոնի խորհրդանիշը: Ինչպես ծիրանի գույնը, բույրը և քաղցր համն են կատարելապես ներդաշնակվում, այնպես էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պտուղները` պատկերով, ձայնով ու բովանդակությամբ ներդաշնակ, պիտի իմաստնությամբ ու քաղցրությամբ ծառայեն մարդուն: Փառատոնի կենտրոնում մարդն է` և´ արարողը, և´ ստեղծագործողը, և´ ստացողը:


Փառատոնի ֆիլմերը մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնեն, լուսարձակի տակ բերեն կյանքի այն դրվագները, որոնք մենք չենք տեսնում, բայց կարևոր են: Եվ եթե այդ բացահայտումներն իրենց պատգամով անցնեն մեր միջով, կկերպարանափոխեն մեզ, կուղղորդեն մեր ընթացքն՝ արարածից դեպի Արարիչ:

 

Արվեստների խաչմերուկներում ծնվում է մարդը` անկախ սեռից, անկախ ռասայից, անկախ տարիքից: Եվ այն ստեղծագործություններում, որտեղ հեղինակն ու դիտողը հաղորդակցվում են, ներգործում է արվեստի ուժը, որը ծնվում է սիրով: Սիրո զգացումով արարված գործերը կարող են մարդուն կերպարանափոխել, վերարթնացնել մեր մեջ աստվածային իսկատիպից մի զգացում, մտածում… Եվ դիտողը նորովի կընկալի աշխարհը: Այսպիսի հուշարար ու դրական զորությամբ լեցուն դեր ունի արվեստը, հատկապես` կինոարվեստը մեր այսօրվա կյանքում:


Թող տարերային տարածում ունենա «Ոսկե ծիրան» փառատոնը, սակայն մասնավորաբար անհատների մեջ պտղավորվի, որպեսզի յուրաքանչյուր ոք փառատոնից բխող պատգամը զգա իրեն հասցեագրված:
Օրհնությունն էլ ընդհանուր է, սակայն ամեն մեկը յուրովի է զգում ու վերցնում իր բաժինը: Այդ ընկալման մեջ մենք ունենք հոգեմտավոր մեր շահը` դրականը զգալու, ապրելու ու փոխանցելու՝ վերագտնելով մարդ լինելու մեր կոչումը:

 

Մենք այս պտուղների օրհնությամբ շնորհավորում ենք բոլորիդ` «Ոսկե ծիրան» փառատոնի բացման առթիվ: Մաղթում ենք, որ հոգևոր ու մտային գիտակցությամբ այլակերպվելով` ճաշակեք նաև փառատոնի պտուղները: Թող դրանք լինեն քաղցր, իմաստալից և ոգևորող: Ներշնչանքներ և առատ բերք ենք մաղթում բոլոր կազմակերպիչներն, հովանավորներին ու հանդիսատեսին:

 

Շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն»:


Արարողության ավարտին օրհնված ծիրանը Սրբազան հայրն ու Հարություն Խաչատրյանը հյուրասիրեցին ներկաներին:
«Ոսկե ծիրան» փառատոնն ավանդաբար մեկնարկում է ծիրանի օրհնությամբ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-07-10
×