Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկել են ամառային բակային ճամբարները
Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկել են ամառային բակային ճամբարները
Ամառային արձակուրդին երեխաների ազատ ժամանցն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով հունիսի 1-ից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի շարք եկեղեցիներում մեկնարկել են ամառային բակային ճամբարները։ Հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբարներ Արարատյան Հայրապետական թեմում գործում են Դավթաշենի Ս. Նահատակաց, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Մասիսի Ս. Թադեոս, Նոր Նորքի Ս. Աստվածածին և այլ եկեղեցիներում։
Բակային ճամբարներն ունեն թե՛ մարզական, թե՛ կրթադաստիարակչական նշանակություն։ Այստեղ երեխաները սովորում են աղոթքներ, շարականներ, ծանոթանում աստվածաշնչյան հոգևոր պատմություններին: Եկեղեցիների երիտասարդաց միությունների կողմից կազմակերպվում են ինտելեկտուալ և սպորտային խաղեր, երգուպարի ուսուցում:
Եկեղեցուն կից ամառային ճամբարները հնարավորություն են տալիս երեխաներին իրենց արձակուրդները հնարավորինս օգտակար անցկացնել, նոր ընկերներ ձեռք բերել, ուրախ և հագեցած առօրյա ունենալ։