19 շրջանավարտ կիրակնօրյա 4 դպրոցից

19 շրջանավարտ կիրակնօրյա 4 դպրոցից

Հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում անցկացվեց եկեղեցիներին կից գործող կիրակնօրյա դպրոցների սաների ավարտական քննությունը: Այս տարի քննությանը մասնակցող շրջանավարտները թվով 19-ն էին:


Թեստերը, որոնցով շրջանավարտները հանձնեցին քննությունը, ընդգրկում էին եկեղեցու պատմության, տոնագիտական, կրոնագիտական, ծիսագիտական և աստվածաշնչյան թեմաներին վերաբերող հարցեր:


«Շրջանավարտի որակավորում աշակերտներին տրվել է 2010 թվականից: Որակավորում ստանում են այն սաները, ովքեր առնվազն 9-ը տարի ուսանել են կառույցում: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից շրջանավարտներին տրվում են վկայականներ՝ ի նշան այն բանի, որ նրանք իրենց կյանքի մի կարևոր շրջան անցկացրել են եկեղեցում՝ սովորելով կիրակնօրյա դպրոցում», - ներկայացրեց թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Հասմիկ Նալբանդյանը:


Արարատյան Հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցների գործունեությունը սկսվել է 1989 թվականից: 2015 թ. դրությամբ թեմում գործում են կիրակնօրյա 16 դպրոցներ, որտեղ երեխաները ծանոթանում են ազգային-եկեղեցական տոներին, աստվածաշնչյան պատմություններին, եկեղեցու պատմությանը, սրբերի վարքին, սովորում են շարականներ, աղոթքներ, մասնակցում են ուխտագնացությունների:


«Կիրակնօրյա դպրոցում սովորելու ընթացքում հետաքրքիր փորձառություն եմ ունեցել մասնակցել «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը, որի ընթացքում մենք Մաշտոցի պուրակում մարմնավորում էինք որևէ գիրք: Յուրաքանչյուրս պետք է ներկայանայինք ընթերցողին որպես կենդանի գիրք, և ես «Վարք Մաշտոցի» գիրքն էի», - իր տպավորությունները պատմեց Մասիսի կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ Նուշիկը:


Այս դպրոցների հիմնումն ուղղված է նոր սերնդի կրոնա-բարոյական և ազգային դաստիարակությանը: Այն միջոց է նոր սերնդին մոտեցնելու և հաղորդակից դարձնելու ազգային, հոգևոր արժեքներին:


Այսօր կիրակնօրյա դպրոցների գործունեությունը կարևորվում է այնքանով, որ մինչ հասուն կյանք մտնելը հայ պատանին կարողանում է գաղափար կազմել Եկեղեցու, հավատքի, հայ ազգի պատմության, ավանդույթների մասին, կարողանում է տարբերել լավն ուվատը, չարն ու բարին:

 


«Կիրակնօրյա դպրոց հաճախելն ինձ տվեց գիտելիք, ընկերներ: Ամեն դասին ինչ-որ նոր բան եմ փնտրում, ստանում և սովորում: Փոխվել է վերաբերմունքս մարդկանց, շրջապատի նկատմամբ: Իմ ամեն օրը եկեղեցում է անցնում: Կիրակնօրյա դպրոց հաճախելով՝ ես իրագործեցի նաև իմ երազանքը՝ մկրտվել: Մկրտվեցի՝ գիտակցելով և արդեն հասկանալով, թե ինչ է քրիստոնեությունը», - ասաց Ս. Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ Աննան:

 

«Կրոնական առողջ դաստիարակության կարիքն այսօր ավելի քան անհրաժեշտություն է արդիապաշտ կյանքի պայմաններում: Նյութապաշտական և արդիապաշտական այս պայմանաններում խնդրո առարկա են դարձել հոգեկան արժեքները և բարոյական սկզբունքները» (Ամենայն Հայոց Գարեգին Ա երջանկահիշատակ հայրապետ):


Հասմիկ Թամամյան

  • 2016-07-15
×