Հաշմանդամություն ունեցող 22 երեխա Սևանում կմասնակցի մեկշաբաթյա ճամբարին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հաշմանդամություն ունեցող 22 երեխա Սևանում կմասնակցի մեկշաբաթյա ճամբարին

Հաշմանդամություն ունեցող 22 երեխա Սևանում կմասնակցի մեկշաբաթյա ճամբարին

Հուլիսի 19-24-ն Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը հաշմանդամություն ունեցող 22 երեխայի, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի անապահով ու բազմազավակ ընտանիքների շուրջ 40 մանուկների համար Սևանա լճի ափին կազմակերպել է ճամբար: Ճամբարում երեխաները հանգստին ու խաղերին զուգահեռ կմասնակցեն նաև հոգևոր թեմաներով զրույցների: Յուրաքաչյուրը կսովորի իր ընկերոջ հանդեպ պատասխանատու լինել՝ օգնել տեսողության, հենաշարժողական համակարգի կամ այլ տեսակի խնդիրներ ունեցող երեխաներին լողալ, մասնակցել խաղերին և այլն:

 
 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս ճամբարը կազմակերպվում է արդեն հինգերորդ անգամ, որին համայնքի անդամների հետ մշտապես մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաներ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից: 



Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանին ու երեցկին Անահիտին ճամբարի կազմակերպման հարցում օգնում են համայնքի և երիտասարդաց միության անդամները: 



Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաների հետ աշխատանքն ամառային ճամբարով չի սահմանափակվում: Ամբողջ տարվա ընթացքում այն Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայքների ուշադրության կենտրոնում է: Երիտասարդաց և տիկնանց միությունները քահանաների հետ ամեն շաբաթ այցելում են նրանց՝ տանելով անհրաժեշտ պարագաներ՝ հագուստ, սնունդ, խնամքի միջոցներ: Երեխաների համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, թատերական ներկայացումներ, ուրախ երեկոներ Երևանի մանկական ժամանցի կենտրոններում:


 

Այստեղից երկու երեխա իր ընտանիքն է վերագտել Տեր Գրիգորի ընտանիքում` Հովհաննեսն ու Հուսիկը որդեգրվել ու ձեռք են բերել հայր ու մայր: 


 

Անցած շաբաթ էլ Տեր Գիրգորի ձեռամբ այդ մանկատան 12 սան մկրտվեց` դառնալով քրիստոնյա մեծ ընտանիքի անդամ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-07-20
×