Արարատյան Հյարապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Արարատյան Հյարապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոն

Արարատյան Հյարապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոն

Ինչպե՞ս նախապատրաստվել հարսանեկան արարողությանը, ինչպե՞ս իրականացնել հարսանյաց հանդեսը, արդյո՞ք ամուսնանալ, եթե աշխատավարձդ քիչ է, ինչպե՞ս համատեղ հաղթահարել սոցիալական խնդիրները։ Այս և շատ այլ հարցերի քննարկման և լուծումներ գտնելու ակնկալիքով Արարատյան Հայրապետական թեմում, առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ստեղծվեց «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը։ 

 

Դասընթացներն իրականացվում են դասախոսություն-քննարկում ֆորմատով, որը վարում է հոգևորականը։ Հանդիպումներին մասնակցում են երիտասարդների կողմից ճանաչված, սիրված զույգեր, ովքեր իրենց փորձառությունը կիսում են ներկաների հետ:


«Կանա» կենտրոնը մշակել է մշտական և ընթացիկ դասընթացներ:
Մշտականները հետևյալն են՝ 

 

• Նորապսակների կամ ամուսնանալ պատրասվողների համար
• Մկրտության պատրաստվող անձանց համար
• Խնդիրներ ունեցող ընտանիքների համար
• Մանկական քրիստոնեական դաստիարակություն երեխաների ու ծնողների համար


Կենտրոնի նպատակը հայ ընտանիքներում ամուսնալուծությունների թիվը նվազեցնելն է։ Շատ երիտասարդներ ամուսնանում են՝ չպատկերացնելով, թե ի՞նչ է ընտանիքը, ի՞նչ հոգսեր կան և ի՞նչ համատեղ պատասխանատվություն ունեն զույգերը, - ասաց «Կանա» կրթական, քրիստոնեական կենտրոնի ղեկավար Էլզա Մանուկյանը և հավելեց , որ քարոզչական և կրթական կենտրոնի գաղափարը ստեղծվել է Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի հետ:


«Ամուսնությունը չափազանց կարևոր իրողություն է, և մարդիկ պետք է պատրաստ լիենեն դրան: Եկեղեցու բուն բջիջն ընտանիքն է, եթե չունենանք առողջ ընտանիք, եկեղեցին կքայքայվի», - բացատրեց Տեր Տաճատը։


Մոտ մեկ ամիս է, ինչ գործում է «Կանա» կենտրոնը և արձանագրվում է, որ այն պահանջված էր երիտասարդների կողմից:


«Շատ օգտակար և ուսուցողական դասընթաց է, որից ստացած գիտելիքները կիրառելով՝ կարելի է ստեղծել քրիստոնեական ամուր հիմքով և ամենակարևորը՝ իսկական հայկական օջախ, ինչպես նաև՝ արդեն ձևավորված ընտանիքում ստեղծել սիրո և համերաշխության մթնոլորտ: Խորին շնորհակալություն դասընթացի կազմակերպիչներին և Արարատյան Հայրապետական թեմին: Կցանկանայի, որ դասընթացն ունենա շարունակական բնույթ», - տպավորություններով կիսվեց դասընթացի մասնակից Իվետա Ալեքսանյանը։


Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է հինգ հանդիպումներից, ավարտին բոլոր հինգ դասախոսություն-քննարկումների ակտիվ մասնակիցները ստանում են վկայագրեր:


Նորաստեղծ «Կանան» արդեն իրականացրել է «Ընտանիքը սրբություն է» խորագրով դասընթացը: Մինչ հաջորդ դասընթացի սկիզբը ամեն երկուշաբթի և չորեքշաբթի առաջնորդարանում շարունակվում են հանդիպումները հետաքրքիր թեմաների շուրջ:


Ցանկացողների համար մուտքն ազատ է:


Հետագա դասընթացների մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք հետևել «Կանա քրիստոնեական, կրթական կենտրոն» ֆեյսբուքյան էջին: Այստեղ տեղադրվում են թե´ հանդիպումների մասին տեղեկություններ, թե´ հետաքրքիր նյութեր, որոնք ևս օգնում են բարձրացված հարցերի պատասխանները գտնելուն:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-07-22
×