Սրբոց Վարդանանց տոնը Արարատյան Հայրապետական թեմում Այսօր Ս. Վարդանանց տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ մատուցվեց: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը` փետրվարի 27-ին, նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն հիշատակն է հանուն հավատի և հայրենիքի պատերազմած և նահատակված մեր քաջ հայորդիների: Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագ մատուցվեց, որի ավարտին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ հայրապետական մաղթանք կատարվեց, քանի որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառի անվանակոչության օրն է:Տոնի առթիվ Սրբազան հայրը մասնակցեց ԱՀԹ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց նահատակաց եկեղեցում Ս. Պատարագի ավարտին Եռաբլուրի հուշարձանի մոտ մատուցված հոգեհանգստյան արարողության` հանուն հայրենիքի զոհված բոլոր զինվորների հոգիների հանգստության համար:Եկեղեցու բակում տեղի ունեցավ ոգեկոչման համերգ, որին մասնակցեցին զոհված ազատամարտիկների մայրերը:
ՀՀԿ երիտասարդական թևի երիտասարդների նախաձեռնությամբ փետրվարի 25-ին մաքրվել է Եռաբլուրի տարածքը: Նրանց նախաձեռնությամբ փետրվարի 27-ին Ս. Պատարագին, հոգեհանգստի արարողությանն ու համերգին մասնակցեցին նաև Հայաստանի բուհերի բազմաթիվ ուսանողներ:Երեկոյան տեղի կունենա «Զորավոր» երիտասարդաց միության ու Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների համերգը՝ նվիրված Սրբոց Վարդանանց տոնին:Համերգը տեղի կունենա 18.30-ին Ք. Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցում:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան