Ավելի քան 200 երեխա մասնակցեց Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակային ճամբարին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ավելի քան 200 երեխա մասնակցեց Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակային ճամբարին

Ավելի քան 200 երեխա մասնակցեց Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակային ճամբարին

Արև, մաքուր և ընդարձակ միջավայր, խաղեր, երգուպար, հոգևոր զրույցներ. ահա այսպիսի հագեցած առօրյա ունեին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում գործող բակային ճամբարների մասնակիցները։

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ բազմաթիվ համայնքներում այս տարի ևս ձևավորվել ու գործում են բակային հոգևոր ճամբարներ: Դրանցից այս շաբաթ ամփոփվեց Մարմարաշենի Ս․ Գևորգ եկեղեցու ամառային, բակային հոգևոր ճամբարը։


Ճամբարը մեկնարկել էր հուլիսի 1-ից, դրան մասնակցած շուրջ 200 երեխա` նաև հարևան համայնքներից, սովորեց աղոթքներ, շարականներ, ծանոթացավ աստվածաշնչային հոգևոր պատմություններին։ Մասնակիցների համար կազմակերպվեցին նաև ինտելեկտուալ և սպորտային խաղեր, երգուպարի ուսուցում:


Ծրագրի ավարտին երեխաները մասնակցեցին Ս․Պատարագին, մի քանիսը արտոնություն ունեցան խորան բարձրանալ: Ճամբարականներից չորսին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը ու խորհրդակատար Տ. Վաղարշ քահանա Իսախանյանը մկրտեցին։ Ակտիվ ճամբարականները պարգևատրվեցին նաև պատվոգրերով:


Երիտասարդաց միության ջանքերով այս համայնքում մի քանի տարի ակտիվ գործում է ամառային բակային ճամբար, որին մասնակցում են երեխաներ նաև հարևան համայնքներից: Ճամբարի ղեկավար Վարդուհի Խաչատրյանն առիթ է ունեցել իր փորձառությունը ներկայացնել Ուկրաինայի թեմի երիտասարդաց միությունների հավաքի ժամանակ, որին մասնակցում էր նրանց հրավերով:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-07-25
×