50 դպրոցական մասնակցեց 5-օրյա հայագիտական ճամբարի

50 դպրոցական մասնակցեց 5-օրյա հայագիտական ճամբարի

Հուլիսի 27-31-ը Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում շուրջ 50 դպրոցահասակ պատանի Հանքավանում մասնակցեց հայագիտական հնգօրյա ճամբարին: Մասնակցում էին Երևանի հիմնական և ավագ դպրոցների 8-12-րդ դասարանի աշակերտներ: 
 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ ճամբարը կազմակերպվել էր գրաբարի օլիմպիադային մասնակցած և լավագույն արդյունքներ ցուցաբերած պատանիներին խրախուսելու համար: 


5 օրերի ընթացքում պատանիները հնարավորություն ունեցան քննարկել և խորհել ազգային արժեքների ու դրանց վերաբերյալ իրենց ընկալումների մասին: Սովորաբար, եթե ամառային ճամբարներում երեխաները ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բակային խաղեր խաղալով, ապա «Գրաբարյան օրեր» ճամբարի մասնակիցները նախընտրում էին ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, քննարկումներ անցկացնել:


Առաջին օրվա ընթացքում նրանք հանձնարարություն ստացան խոսել այն արժեքների մասին, որոնք ժառանգել են իրենց նախնիներից և որոնք կուզենային փոխանցել ապագա սերնդին: Վերլուծություններն իհարկե տարբեր էին, սակայն բոլորի համար գլխավոր և առանցքային արժեք էր հայրենասիրությունը, բանակը, հողը և ծնողասիրությունը:


Ճամբարային 5 օրերի ընթացքում նրանք ուսումնասիրեցին նաև հայ պատմիչներին և քննարկեցին այն հարցը, թե համաշխարհային հարթակում ինչպիսի տեղ կարող են զբաղեցնել նրանք, եթե հնարավոր լիներ միջազգային գիտաժողովներում ներկայացնել նրանց գործունեությունն ու թողած ժառանգությունը: Կրթական ճամբարում նրանք նաև փորձեցին վերծանել և թարգմանել  «Հայսմաւուրքի» միջնադարյան ձեռագրի մի հատված` կրկին ստուգելով  գրաբարյան իրենց գիտելիքը:


Ճամբարին ազգային համուհոտ տվեցին հայկական պարերը: Մասնակիցները հնարավորություն ունեցան «Կարին» ազգագարական պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ սովորել ազգագարական մի քանի պար:


Ճամբարականները մասնակցեցին նաև հոգևոր զրույցների և ուխտագնացություն կատարեցին դեպի 12-րդ դարի Պղնձավանքի եկեղեցի:

Լուսանկարները՝  «Գրաբարյան Օրեր»  ֆեյսբուքյան էջում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-08-03
×