Նոր հրատարակություն Արարատյան Հայրապետական թեմում

Նոր հրատարակություն Արարատյան Հայրապետական թեմում

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ լույս են տեսել «Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդները» և «Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոները» գրքերը: Վերջիններս հրատարակվել են Սուրբ Երրորդություն եկեղեցու խաչքավոր Էդուարդ Ղազարյանի և նրա եղբոր՝ Արտաշես Ղազարյանի մեկենասությամբ:


Հատկապես հոգևոր-կրթական առաքելության տեսանկյունից կարևոր է հոգևոր գրքերի տպագրումը, որոնք ավելի հասանելի ու մատչելի են դարձնում եկեղեցում կատարվող արարողություններն ու տոները հավատացյալի համար: Ահա այս նպատակին է միտված վերը նշված երկու գրքերի կազմումն ու հրատարակումը:


Գրքերը կազմել է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Զենոն քահանա Բարսեղյանը, ով, նախաբաններում անդրադառնալով թեմաներին՝ գրել է. «Քրիստոնեական կյանքի համար խորհուրդներն Աստծո հետ հաղորդակցությունն իրականացնող հոգևոր ազդակներ ու միջոցներ են` միշտ մնալու աստվածային շնորհի մեջ, ապրելով հոգևոր կյանքի բարձրության վրա և գործերով ցույց տալու, թե Հիսուս Քրիստոսով ավետարանված փրկությունը հոգևոր իրականություն է դարձել հավատացյալների համար իրենց հավատքի և կյանքի մեջ, իսկ եկեղեցու տոները կոչված են կարգավորել մարդու կյանքի ժամանակը` տարին բաժանելով հատուկ շրջանների, որոնք յուրօրինակ հոգևոր իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Մենք, սրբությամբ մասնակցելով այս տոնախմբություններին և ապրելով Աստծուն հաճելի կյանքով, դառնում ենք Աստծո տաղավարները, և Աստված բնակվում է մեր մեջ»:


Օգոստոսի 8-ին «Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդները» գիրքն ունեցավ իր առաջին ընթերցողը. Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ հավարտ Ս. Պատարագի, գիրքը բաշխվեց ներկա հավատացյալներին՝ որպես ուղեցույց հոգևոր կյանքի: Իսկ մյուս գիրքը՝ «Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոները», հավատացյալներին կբաշխվի առաջիկա տաղավար՝ Ս. Աստվածածնի վերափոխման տոնին:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-08-08
×