Այս տարի Ս․ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշեց օգոստոսի 14-ին։ Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց խաղողի օրհնության կարգ: Հավարտ Ս. Պատարագի թեմի մի շարք համայնքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվեցին տոնական միջոցառումներ, մատուցվեց սիրո ճաշ:
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը Ս. Պատարագի ավարտից հետո հոգևոր հովիվ Տ. Տիրան ավագ քհն. Առուշանյանի և Տ. Գաբրիել քհն. Պետրոսյանի գլխավորությամբ թափոր կազմեցին և քայլեցին դեպի Ս. Գրիգոր Նարեկացու արձանը, որտեղ կատարվեց խաղողօրհնեքի կարգ: Սակայն, մինչ արձանին հասնելը խաչերթի մասնակիցները շրջեցին բնակելի շենքերի բակերում և աղոթագրքեր բաժանեցին ժողովրդին:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի ավարտին ներկաները մասնակից եղան խաղողօրհնեքի արարողությանը՝ ստանալով օրհնված ողկույզներ: Տոնական օրն իր շարունակությունն ունեցավ երեկոյան ժամերգության ավարտին: Եկեղեցու բակում Կենտրոն վարչական շրջանի կողմից կազմակերպվել էր տոնախմբություն, որի ժամանակ հանդես եկավ «Վերադարձ» ավանդական երգ ու պարի համույթը: Ազգային երգ ու պարով համեմված երեկոյին ուրախությամբ միացան շատ անցորդներ և հյուրեր։ Միջոցառման ավարտին օրհնված ողկույզներ բաժանվեցին ներկաներին։
Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու բակում Մայր Աթոռ Ս. էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուշագրավ միջոցառում՝ Նոր Նորքի առաջին, երկրորդ և երրորդ զանգվածների մանկապարտեզների երեխաների, մանկավարժների և ծնողների մասնակցությամբ: Երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին Նոր Նորքի մշակույթի կենտրոնի շնորհալի սաները: Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Նշան քահանա Ալավերդյանը կատարեց երեխաների, ապա՝ խաղողի օրհնության կարգ, որին հաջորդեց թեմատիկ կավճանկարչությունը: Երեխաները ճաշակեցին օրհնված պտուղը, իսկ տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի կողմից երեխաներին բաժանվեցին խորհրդանշական նվերներ:
Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցում հավարտ Ս. Պատարագի կատարվեց խաղողօրհնեքի կարգ: Արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Շահումյանի Արվեստի դպրոցի պարի և ժողողովրդական գործիքների խմբերի սաները։ Համերգային ծրագրից հետո կատարվեց մատաղի օրհնություն:
Նորագավթի Ս. Գևորգ և Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցիներում առավոտյան մատուցված Ս. Պատարագից հետո օրհնվեց խաղողը, խաղողի հետ նաև՝ տարվա բերքն ու բարիքը, և բաժանվեց ներկաներին: Այնուհետև եկեղեցիների բակերում կազմակերպվեց համերգային ծրագիր, օրհնված խաղողի հյուրասիրություն, տոնին նվիրված ցուցահանդես, խեցեգործության թեմատիկ բաց դաս: Օրն իսկապես ժողովրդական տոնախմբություն դարձրեցին շրջանի մշակույթի կենտրոնների սաները։ Միջոցառումներին ներկա էին վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ և Արցախից ժամանած հյուրեր: Կեսօրից հետո ազգային տարազներով հայուհիները շրջեցին շրջանի այգիներում ու պուրակներում և օրհնված խաղող հյուրասիրեցին անցորդներին։
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգային ծրագիր Դավթաշենի «Նոր Դար» պարային համույթի մասնակցությամբ:
Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ երգի-պարի խմբերի մասնակցությամբ, որից հետո մասնակիցների և հյուրերի համար կազմակերպվեց հյուրասիրություն:
Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցում նույնպես տոնը նշվեց մեծ շուքով։ Համայնքի երիտասարդների մասնակցությամբ կազմակերպվեց գեղեցիկ տոնական միջոցառում՝ ազգային երգ ու պարով և հյուրասիրությամբ։
Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում կրկնակի տոն էր։ Վերափոխման տոնը համընկավ եկեղեցու առաջին բակային ճամբարի փակման արարողության հետ, որի ընթացքում ճամբարի փոքրիկ մասնակիցները հնարավորություն ունեցան մկրտվել։
Տոնի կապակցությամբ միջոցառումները շարունակվեցին նաև մյուս օերին։ Օգոստոսի 17-ին Մալաթիայի Ս․ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տ․ Գաբրիել քահանա Պետրոսյանի գլխավորությամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն ացելեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան։ Ճաշարանի շահառուների և սոցիալապես անապահով ընտանիքների համար կազմակերպվեց տոնական ճաշկերույթ:
Նույն օրը՝ օգոստոսի 17-ին, Արարատյան Հայրապետական թեմի Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանը այցելեց Ավան համայնքի Ծերապարտեզ՝ իր հետ տանելով օրհնված խաղող:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հավատացյալներն ինն օր շարունակ ուխտագացություն կկատարեն Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ, որտեղ կմատուցվի Ս․ Պատարագ։