Հոգևոր աջակցությանը և խնամքին ուղղված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հոգևոր աջակցությանը և խնամքին ուղղված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

Հոգևոր աջակցությանը և խնամքին ուղղված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

Մարդկային կյանքի հիմքում և նրա պահանջմունքների վերին սանդղակում հոգևոր կյանքն է: Հոգևոր խնամքով են պայմանավորվում նաև կյանքի մնացյալ` ֆիզիկական և հոգեկան կողմերը: Քրոնիկ և անբուժելի, հոգեկան և ֆիզիկական հիվանդություններ, կախվածություն, վախեր և անհանգստություններ. այսպիսի շատ մարտահրավերների առաջ է կանգնում մարդն իր կյանքի ընթացքում, որոնց ժամանակ ավելի շատ է զգում Աստծո և Եկեղեցու կարիքը:


Այս տեսակ խնդիրներին լուծում տալու համար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցիների սպասավորնները հովվական խնամք և աջակցություն են իրականացնում զարգացման կենտրոններում, հոգեկան առողջություն ունեցող անձանց համար նախատեսված հաստատություններում, մանկատներում ու ծերանոցներում:


Հովվական խնամքը ենթադրում է քարոզներ, օրհնություն, աղոթքներ, խմբային աշխատանքներ՝ հոգևոր թեմաներով և այլն, որոնց նպատակն է նվազեցնել ներքին հոգեբանական լարվածությունը, բուժել հիվանդությունները, օգնել մարդկանց չկորցնել հույսը:


Այս նպատակով օգոստոսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու «Վերածնունդ» երիտասարդաց միության անդամները Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի առաջնորդությամբ այցելեցին Արմաշի հոգեբուժարան: Տեր հայրն օրհնեց հաստատության այցելուներին և աղոթք բարձրացրեց առ Աստված նրանց շուտափույթ առողջացման համար: Երիտասարդաց միության անդամներն իրենց հետ տարել էին նաև համայնքի կողմից հավաքված սնունդ, հագուստ և այլ իրեր:


«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը նույնպես եկեղեցու հոգատարության և ուշադրության պակաս չի զգում: Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տեր Բարսեղ քահանա Ղազարյանը պարբերաբար այցելում է կենտրոնի շահառուներին: Հերթական այցելությունը կատարվեց օգոստոսի 25-ին: Այցելությունների ընթացքում քահանան զրուցեց սաների հետ, աղոթեց և օրհնեց նրանց:


Հովվական խնամքի և աջակցության դրական արդյունքի մասին է խոսում այն փաստը, որ կազմակերպություններն իրենք են առաջարկում քահանաներին այցելել իրենց հաստատություններ և հոգևոր զրույցներ իրականացնել շահառուների հետ:


Այսպես, սեպտեմբերի 3-ին Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի աղոթքով և օհնությամբ տեղի կունենա «Սովորեցրու ինձ ավելին» (TMM) ուսուցման և զարգացման կենտրոնի բացման արարողությունը:


Կենտրոնն ունի հստակ նպատակ՝ իրականացնել վերականգնողական աշխատանքներ՝ կիրառելով տարբեր մեթոդներ, որպեսզի խոսքի հապաղում ունեցող երեխաներն աստիճանաբար սովորեն հասկանալ շրջակա միջավայրը և վերարտադրել այն համակարգչային մոդելավորման միջոցով: Մեթոդներից մեկն էլ Ավետարանի սերտողությունն է:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-08-27
×