Ս․ Խաչվերացի տոնը նշվեց Արարատյան Հայրապետական թեմում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս․ Խաչվերացի տոնը նշվեց Արարատյան Հայրապետական թեմում

Ս․ Խաչվերացի տոնը նշվեց Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Խաչվերացի տոնի առթիվ սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Եսայի քահանա Արթենյանն էր:


Տոնի օրը` երեկոյան ժամերգությունից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը պտտեցնում են եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կատարվում է նաև Անդաստան, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս կողմերը: Օրհնված ռեհանը բաշխվում է հավատացյալներին:


Ս. Խաչվերացը մեր Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:


Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

  • 2016-09-11
×