Սեպտեմբերի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Արարատ քաղաքում նոր կառուցվող եկեղեցու զանգակատան խաչը և զանգերը:
Արարատում Սրբազան հորը աղուհացով դիմավորեցին եկեղեցու բարերար Արթուր Խաչատրյանը, Արարատի փոխմարզպետ Ի. Շադյանը, Արարատի փոխքաղաքապետ Խ. Մնացականյանը, բազմաթիվ հյուրեր:
Արարողության ավարտին դիմելով ներկաներին` Սրբազան հայրը շնորհավորեց արարատցիներին և հույս հայտնեց, որ շատ շուտով իրենց քաղաքում վեր խոյացող եկեղեցին կբացի հյուրընկալ դռներն ու կդառնա միջնորդ` Աստծո և մարդկանց:
Նույն օրը Նավասարդ Սրբազանը մեկնեց նաև Արարատ համայնքի Ս. Հակոբ եկեղեցի: Այստեղ ևս նրան դիմավորեցին աղուհացով: Եկեղեցու երգչախումբը հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի գլխավորությամբ Սրբազան հորը ողջունեց «Հրաշափառ»-ի երգեցողությամբ: Այցելության նպատակը եկեղեցու վերանորոգված մկրտության ավազանն օծելն էր: 19-րդ դարի այս եկեղեցու ավազանը նորոգման կարիք ուներ: Ըստ եկեղեցական ավանդույթի` հարկ է, որ նոր կամ նորոգված ավազանը ծիսական արարողություններ կատարելուց առաջ օծվի եպիսկոպոսի կողմից: Նոր ավազանը պատրաստված է մեկ ամբողջական քարից:
Օծման արարողությունը ներկա էին մկրտության ավազանի բարերար Նարեկ Ավետիսյանը, Արարատի համայնքապետ Կարեն Ղազարյանը, Արարատի N զորամասի հրամանատար գնդապետ Կ. Սերոբյանը և բազմաթիվ հավատացյալներ:
Շնորհավորելով եկեղեցու հավատացյալներին` Սրբազան հայրը դիմեց համայնքի անդամներին`հորդորելով առավել ուշադիր լինել Ս. Մկրտության խորհրդին, քանի որ, ինչպես մարդն է ծնվում մորից մեկ անգամ, այնպես էլ քրիստոնյան է ծնվում եկեղեցու մկրտության ավազանից մեկ անգամ` որդեգրվելով Քրիստոսի ընտանիքին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին