Հոգևոր ֆիլմերի բացօթյա ցուցադրություն Նուբարաշենում

Հոգևոր ֆիլմերի բացօթյա ցուցադրություն Նուբարաշենում

Օգոստոսի 23-ին ԱՀԹ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի գլխավորությամբ Նուբարաշենի կենտրոնական զբոսայգում կազմակերպվեց հոգևոր ֆիլմի դիտում։


Բացօթյա կինոթատրոնում ցուցադրված առաջին ֆիլմը «Դամասկոս»-ն էր՝ Աստվածաշնչային փաստերի հիման վրա նկարահանված պատմական դիտարժան ֆիլմ` Ս. Պողոս առաքյալի մասին:


«Ֆիլմերի բացօթյա ցուցադրման ձևաչափը հետաքրքիր էր և պատահական անցորդների համար գրավիչ: Հոգևոր ֆիլմերն անչափ կարևոր են քրիստոնյաների համար։ Դրանց միջոցով են նրանք տեսնում աստվածային սիրո, ապաշխարության, մարդկային պարզ փոխհարաբերությունների և առաքինությունների կատարման կերպն առավել պարզ և պատկերավոր տարբերակով: Քրիստոնյայի համար դրանք կարծես իրենց կարդացածի և ընկալած քարոզների մարմնացումը լինեն», - ասում է Տեր Բարդուղիմեոսը:
Հավատի և կրոնի շուրջ քննարկումները միշտ էլ եղել են նկարչության, երաժշտության, գրականության և թատրոնի ուշադրության կենտրոնում, այնուհետև անցել են նաև ֆիլմարտադրության ոլորտ։ Ժամանակակից տեխնոլոգիաները հոգևոր և բարոյական արժեքների քարոզչության մեջ կարող են դառնալ կարևոր միջոց՝ ավելի լայն լսարանի հետ խոսելու համար։


«Հոգևոր ֆիլմերի միջոցով մարդը կարող է ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի պատգամները, պարզ քրիստոնյայի ապրելակերպը, մեր սրբերի անցած ճանապարհը և հոգևոր ու բարոյական մի շարք արժեքների իմաստն ու կիրառությունը: Կարծում եմ, որ հասարակության վրա դրական ազդեցություն կունենա այս միջոցառումը, քանի որ մինչ այս Նուբարաշենում հոգևոր ֆիլմի բացօթյա ցուցադրություն չէր եղել: Մարդկանց արձագանքը շատ դրական էր, նույնիսկ այգում նստած մարդիկ մեծ ուշադրությամբ նայում էին ֆիլմը: Ֆիլմի դիտմանը մասնակցեցին նաև պատահական անցորդներ և նրանց նույնպես հետաքրքրեց այն: Մարդիկ սկսում են տեսնել, որ եկեղեցին իսկապես գործում է, և այնտեղ կարող են գտնել իրենց հուզող հոգևոր խնդիրների պատասխանները», -մեկնաբանում է Տեր հայրը:


Հնարավորության դեպքում հոգևոր ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կկազմակերպվեն նաև համայնքի մյուս զբոսայգիներում, որը հնարավորություն կտա ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել միջոցառմանը։


Սկզբնական շրջանում ընտրվելու են Աստվածաշնչային հատվածների հիման վրա նկարահանված ֆիլմեր, իսկ հետագայում կցուցադրվեն նաև հոգևոր թեմատիկայով գեղարվեստական ֆիլմեր:

 


Հասմիկ Թամամյան

  • 2017-08-28
×