Նավասարդ Սրբազանը երիտասարդների հետ խոսեց Ս. Թարգմանիչների ու Ոսկեդարի մասին
Նավասարդ Սրբազանը երիտասարդների հետ խոսեց Ս. Թարգմանիչների ու Ոսկեդարի մասին
Հոկտեմբերի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդների հետ: Հանդիպումը նախաձեռնել էին թեմի երիտասարդաց միությունների անդամները՝ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Հանդիպման առիթը Ս. Թարգմանչաց տոնն էր:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Նավասարդ Սրբազանը խոսեց 5-րդ դարի իրադարձությունների մասին, որոնք հիմք հանդիսացան Հայոց վերազարթոնքի և հայակերտումի:
Սրբազան հայրը հատկապես շեշտեց, որ Ս. Մեսրոպ Մաշտոցը միայնակ հաջողության չեր կարող հասնել: Ուշագրավ է, որ ազգապահպանության տեսլականը կարևոր էր նաև օրվա կաթողիկոս Ս. Սահակ Պարթևի համար: Հենց վերջինս էր, որ գրերի անհրաժեշտության հարցը բարձրացրեց Վռամշապուհ արքայի առաջ, ով երկրի գանձարանը դատարկեց հավիտենական գանձին հասնելու համար: Այդ գանձի շնորհիվ մենք շարունակում ենք մնալ հայ, մտածել, գրել ու ստեղծագործել հայերեն, ունենալ ազգային դիմագիծ:
Սրբազան հոր խոսքով՝ պակաս կարևոր չէր նաև Աստվածաշունչը հայացնելու հանգամանքը: «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Ահա առաջին նախադասությունը, որը թարգմանվեց: Եվ ճիշտ այդ պատգամով Ս. Մեսրոպը ստեղծեց դպրոց, որը տվեց բազում հանճարեղ սերունդներ: «Առ ոտս աշակերտութեան» սկզբունքով՝ Ս. Մաշտոցի աշակերտները սկսեցին ուսուցանել նոր սերունդներին, թարգմանեցին աշխարհի մտավոր գանձարանի արժեքավոր գործերը և խմորելով՝ կերտեցին հայ մարդու ինքնությունը: Եվ իրավամբ Ս. Մաշտոցով սկսված դարաշրջանն անվանում ենք Ոսկեդար:
Զրույցի վերջում մաշտոցյան շարականներով ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության «Նշխարք» վոկալ անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է Հեղինե Օհանյանը: