Խուլերի աշխարհը լուռ է, իսկ նրանց հասկանալու համար պետք է սովորել լռել: Այդ լռությունն է, որի մեջ խաղաղություն, անկեղծություն ու սեր կա:
Խոսուն լռության լավագույն դասը տվեցին խուլերը լսողներիս հոկտեմբերի 20-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում: Խուլերի միջազգային օրը նշվում է սեպտեմբերի վերջին կիրակին։ Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքը, թեև ուշացումով, կրկին բեմ բարձրացավ ոչ միայն նշելու խուլերի տոնը, այլև պատմելու այն սիրո ու նվիրումի մասին, որի աղբյուրն իրենց լռությունն է: Բեմ բարձրացան, որ ցույց տան չարի ու բարու և այդ պայքարում՝ բարու հաղթանակը: Բեմ բարձրացան, որ կատակեն, երգեն ու պարեն: Նրանք բեմ բարձրացան, որ վկայեն՝ լսում են չլսելով, իսկ մենք՝ լսելով չենք լսում:
Տոնը սկսվեց լռության մեջ՝ Տերունական աղոթքով: Ողջունելով հանդիսատեսին, Տեր Եսայի քհն. Արթենյանը շնորհակալություն հայտնեց Աստծուն ժեստերի լեզվով խոսելու շնորհին արժանացնելու համար, որ կարողանում է խուլերի հետ լռել` լսելու աղմուկի տակ թաքնված գեղեցկությունն ու բարությունը: Իսկ խուլերի հետ աշխատելու, համայնք ձևավորելու առաքելության համար տեր հայրն իր որդիական խոնարհումն ու երախտագիտությունը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում տնօրինությամբ ու հանձնարարությամբ տարիներ առաջ նշանակվել է խուլերի հոգևոր հովիվ ու սովորել ժեստերի լեզուն:
Արարատյան Հայրապետական թեմի «Մենք» խուլերի թատրոն–ստուդիայի գեղարվեստական ղեկավար Իննա Հախնազարյանը ներկայացրեց խուլերի ստուդիայի ստեղծման պատմությունն ու ձեռքբերումները։ Ամռանը «Մենք» ստուդիան մասնակցեց մնջախաղի միջազգային փառատոնին՝ «Հոսանքին հակառակ» խորագրով ներկայացմամբ: Նրանք իրենց լռության խաղով գրավեցին նոր սրտեր, արժանացան ծափողջույնների ու ոսկե մեդալի:
Դահլիճը լուռ էր, բայց լռություն չկար: Իսկ լսող մարդիկ փորձում էին իրենց տեղը գտնել խուլերի աշխարհում, զգուշորեն տեղավորվել այն ջերմության մեջ, որ ստեղծել էին խուլերը:
Նրանք բեմից պատմում էին պատմություններ, կորզում էին ժպիտներ ու ծիծաղ, տխրեցնում, խորհել տալիս… Եվ որպեսզի լսողների համար շատ անսովոր չլինի, միացրել էին երաժշտություն, որ լսողները կարողանային հասկանալ, թե ինչպես է հնչում իրենց ներսի երաժշտությունն ու ռիթմը:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի խուլեր: