Հայկական հեքիաթ հրաշագործ Արմենո պապի մասին

Հայկական հեքիաթ հրաշագործ Արմենո պապի մասին

Հեքիաթները նման են երազանքներին. դրանք կարող են իրականանալ կամ իրական հիմք ունենալ։ Հեքիաթներում և մեր երազանքներում ամեն ինչ կարող է լինել կամ չլինել։ Հոկտեմբերի 30-ին՝ Ս․ Երրորդություն եկեղեցու դահլիճում հյուրընկալված տնտեսագիտւթյան դոկտոր, պրոֆեսոր, հեքիաթասաց Արմեն Ճուղուրյանն իր «Արմենո պապը, ով ապրում է Արարատ լեռան գագաթին» գրքույկում պատմում է Արարատ լեռան գագաթին ապրող պապիկի մասին։ Հրաշագործ պապը հոգ է տանում աշխարհասփյուռ հայ մանուկներին, պահպանում է նրանց չարից, օգնում ծանր պահերին և խրատներ տալիս նրանց։ Հայկական հաքիաթ և հայի երազանք. լինո՞ւմ է, թե՞ չի լինում։


Այս հարցին փորձեցին պատասխանել Ս․ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր կարդացել էին հեղինակի հայրենասիրական և հայագիտական ոգեշնչող պատմվածքները և ցանկանում էին անձամբ հանդիպել նրան։


Եթե հեքաթները սովորաբար սկսվում են «Լինում է, չի լինում»-ով, ապա եկեղեցում ամեն ինչ սկսվում է «Հայր մեր» աղոթքով։ Գրքի շնորհանդեսը բացառություն չէր։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պարթև քահանա Մուրադյանը «Հայր մեր»-ով ազդարարեց միջոցառման սկիզբը, իսկ «Ծիրանի» պարի համույթը իր պարային կատարումներով գեղեցկացրեց այն։


Այսօրվա հեքիաթը պատմում է․
Լինում է, չի լինում մի Արմենո պապ և մի տղա՝ Հայկ անունով, ով Արարատ լեռան գագաթին մի փոքրիկ կացարան նկարեց։
«Ամեն անգամ աշխատանքի գնալիս նայում էի Արարատի գագաթին ու մտածում՝ երբ պիտի այնտեղ հայտնվեմ, կամ՝ եթե հայտնվեմ, ի՞նչ պիտի տեսնեմ։ Եվ սկսեցի պատկերացնել, որ այնտեղ երևի կացարան կա, որտեղ ապրում է Արմենո պապը», - ասում է պատմվածքների հեղինակը։


Եվ Արարատի գագաթից իջնում է Արմենո պապն ու ծանոթանում հեքիաթի հերոս Հայկի հետ։ Բայց պապը ոչ թե ուղղակի կատարում է նրա ցանկություններն, այլ խրատներ է տալիս, որոնց հետևելով՝ տղան իրական հրաշքների է ականատես լինում։


«Ես կարդացել եմ գիրքը, և ինձ շատ են դուր եկել հատկապես Արմենո պապի խրատները։ Օրինակ նա ասում է՝ միշտ օգնիր, բայց՝ ազնվորեն և, եթե ուզում ես ուժեղ լինել՝ մի խուսափիր ֆիզիկական աշխատանքից։ Ես էլ եմ օգտվել նրա խրատներից և օգնել եմ հայրիկիս, ու նա ինձ նվեր է տվել»,- ոգևորված պատմում է Հրաչ Խանվելյանը (11 տարեկան):


Երեխաները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել հեղինակի հետ հանդիպմանը, ոմանք, անգամ ցանկանում էին իրենց հեղինակային հեքիաթները գրել և խորհուրդներ էին հարցնում նրանից։


Հեքիաթները սկսվում և ավարտվում են, սակայն, այս հեքիաթն ունի իր շարունակությունը։ Հայկը սկսում է բարձրանալ Արարատ լեռը և կրկին հանդիպում է Արմենո պապին։


«Սիրելի՛ ընթերցող, ես չգիտեմ, թե արդյո՞ք Արմենո պապը այցելել է քեզ, թե ոչ, բայց հաստատ համոզված եմ, որ եթե կատարես բարի գործեր, լավ սովորես ու սիրես քո հայրենիքը, ապա կհանդիպես հրաշագործ ծերունուն։ Կարդալով այս պատմվածքները, կարծում եմ, թե հասկացար, որ հրաշքներն ու ցանկությունները հենց այնպես չեն իրականանում»։ (Ճուղուր Երևանցի)


Բոլորիս կյանքում էլ, ինչպես հեքիաթներում, ինչ-որ բան է լինում կամ չի լինում, հրաշքներ լինում կամ չեն լինում, հրաշագործ պապիկ կա կամ չկա, բայց եթե կարդացիր պատմվածքը մինչև վերջ՝ ուրեմն ուշադիր նայիր վերև, քանի որ բոլոր հեքիաթների վերջում երկնքից ընկնում է երեք խնձոր. մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին ու մեկն էլ…

 


Հասմիկ Թամամյան

 

 

  • 2016-10-30
×