Մաքուր խիղճ ունենալու համար քաջություն է պետք

Մաքուր խիղճ ունենալու համար քաջություն է պետք

Ինչպե՞ս քրիստոնեական դաստիարակություն տալ երեխաներին, ինչպե՞ս քաջալերել երեխաներին, որպեսզի մեծանան շնորհակալության, գոհունակության զգացումով:
 

Այս և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումը:
 

Բանախոսներն էին Տեր Տաճատ ավագա քահանա Դավիդյանը, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի կիսասարկավագ Արմեն Հարեյանը, «Միսս Հայաստան-2001», Heqiat.am կայքի հիմնադիր Իրինա Թովմասյանը:
 

Հանդիպման առաջին հատվածում բանախոսների և երեխաների միջև ակտիվ զրույց ծավալվեց. երեխաներից յուրաքանչյուրն իր կարծիքն էր հայտնում, թե ինչո՞ւ է շնորհակալ Աստծուն, ծնողներին, իսկ երկրորդ հատվածում երեխաների համար խաղեր անցկացվեցին, որի ընթացքում քննարկումը շարունակվեց մեծահասակների հետ:
 

Երեխաների հոգևոր դաստիարակության հարցում կարևորվեց նախ այն, որ նրանք պետք է փոքր տարիքից սովորեն, որ աշխարհում և իրենց ներսում կա և՛ բարին, և՛ չարը: Ծնողը պետք է այնպես սերմանի բարին, որ երեխան կամավոր մերժի չարը: Ծնողն ինքն իր վարվելակերպով պետք է օրինակ լինի երեխայի համար և թուլ չտա, որպեսզի երեխայի հոգում «երկրաշարժ» լինի:
 

«Երեխայի հոգում երկրաշարժ է, օրինակ, երբ տուն հյուրեր, բարեկամներ են գալիս, ծնողները նրանց հարգում, պատվում են, իսկ նրանց գնալուց հետո իսկույն սկսում են բամբասել վերջիներից, թեև քիչ առաջ գովաբանում էին», - նշեց Արմեն Հարեյանը, ով անդրադարձավ նաև սեփական մեղքերը, սխալները տեսնելու, գիտակցելու կարևորությանը՝ աշխարհում ամենակարևոր արժեքներից մեկը համարելով մաքուր խիղճ ունենալն ու հանգիստ խղճով ապրելը: Նա երեխաներին առաջարկեց քաջ լինել և, եթե անում են մի բան, որը չպետք է անեին, ապա հենց նույն օրը ծնողներին պատմել այդ մասին: Թեև իրենց արարքը փոքր-ինչ կբարկացնի ծնողներին, բայց դրանով նրանք կսովորեն մաքուր խիղճ ձեռք բերել, հանգիստ խղճով ապրել:
«Ես իմ երեխաներին խոսք եմ տվել մի բան, որը սրբությամբ պահում եմ: Եթե նրանք գան և ինձ խոստովանեն, թե ինչ են արել, ես նրանց վրա երբեք չեմ բարկանա, չէ՞ որ, որպես ծնող, իմ նպատակը երեխայիս վրա բարկանալը կամ պատժելը չէ. նպատակս է զղջալ իմացող երեխա մեծացնել, երեխա, ով տարբերում է չարն ու բարին, երբ սայթաքում է, չարություն է անում՝ կարող է զղջալ իր սխալի համար», - ասաց Արմեն Հարեյանը:

 

Իրինա Թովմասյանը նշեց, որ իր երեխաների մեջ սերմանում է այն գիտակցումը, որ բոլոր երեխաները հավասար են, որ կարիքավոր երեխաներին միշտ պետք է հնարավորության դեպքում ձեռք մեկնել, իսկ «ներողություն» ու «խնդրում եմ» բառերը կախարդական բառեր են և երբ իր փոքրիկ աղջիկներից մեկն ասում է «խնդրում եմ, կտա՞ս», դիմացինը, եթե նույնիսկ չի ուզում բաժանվել իր սիրելի իրից, միևնունն է՝ տալիս է:


«Ինձ համար բարությունն ու խիղճն առաջնայինն են: Ընտանեկան այդ լավ, համերաշխ հարաբերությունները պետք է ընտանիքի բոլոր անդամներն ապահովեն: Օրինակ, եթե համեմատենք՝ բույսը չի կարող ծաղկել, մեծանալ, եթե չլինեն հողը, արևը, ջուրը: Դա ամենօրյա աշխատանք է, այսինքն՝ եթե մենք ամեն օր աշխատենք՝ ասելով լավ խոսքեր, կատարելով լավ արարքներ, չստեղծելով կոնֆլիկտային իրավիճակ, կլինի համերաշխություն, բույսն էլ կաճի», - ասաց Իրինան, ով մասնակից երեխաների համար հեքիաթ պատմեց և խորհուրդ տվեց նրանց քնելուց առաջ միշտ խնդրել, որ ծնողները հեքիաթ պատմեն, քանի որ, պատմելով հեքիաթներ, ծնողներն էլ են սովորում շատ ճիշտ ու կարևոր բաներ:
 

Տեր Տաճատը երեխաների քրիստոնեական զարգացման հարցում կարևորեց նաև տատիկների ու պապիկների դերը: «Պապիկների և տատիկների պարտականությունն այն է, որ փոքրիկներին փոխանցեն, թե իրենք ո՞վ են, որտեղի՞ց են եկել, իրենց պապերի պատմությունը պատմեն թոռնիկներին»,– ասաց Տեր Տաճատը:
 

Արմեն Հարեյանը ծնողների հետ զրույցում ներկայացրեց երեխաների քրիստոնեական դաստիարկության հնարավորինս մատչելի և արդյունավետ իր տարբերակները: Առանձնացրել ենք այդ օգտակար տարբերակներից մի քանիսը.
 

«Ճաշից առաջ և ճաշից հետո պետք է ընտանիքում իրական սովորություն լինի աղոթել, շնորհակալություն հայտնել Տեր Հիսուս Քրիստոսին ուտելիքի համար, որը դրված է սեղանին, օրհնություն խնդրել այն ձեռքերի համար, որոնք պատրաստեցին կերակուր, որպեսզի երեխան սկսի գնահատել»:
«Ես շատ փոքր հասակից իմ երեխաներին սովորեցնում եմ ծնողի նկատմամբ հնազանդություն: Եթե երեխայի արած սխալը մնում է անպատիժ կամ չհասկացված, նա մեծանում է արդեն շատ անբռնազբոսիկ կյանքով, և հետո շատ դժվար կլինի այդ երեխային բերել ճիշտ ճանապարհի վրա»:
«Երեխաները պետք է գիտակցեն այն դերը, որը տվել է Աստված իր ծնողներին, և մեծանան ծնողի խոսքին հնազանդ: Սա մեծ օրհնություն կլինի բոլոր երեխաների, ծնողների, ընտանիքների, բարեկամության, հասարակության և մեր պետության համար: Եթե մենք ունենանք հզոր, ամուր ընտանիքներ՝ բարի մարդկանցով, մենք կունենանք նաև հզոր պետություն»:

 

«Եթե փոքր հասակից ձեր երեխային սովորեցնեք Աստծո նկատմամբ հավատարմություն, ճանաչել սեփական սխալը, չարն ու բարին, զղջալ, ապա նրանք իսկապես կմեծանան շատ լավ մարդիկ, դուք էլ ձեր ծերության օրերում օրհնված կլինեք»:
 

«Կանա» կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպում- դասընթացներն անչափ հետաքրքիր ու ուսուցողական են շատերիս համար: Կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:

 

Պատրաստեց ՝ Նարե Ոսկանյանը

  • 2016-11-04
×