Նոյեմբերի 4-ին ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի տարածքում իր հագուստով մյուսներից տարբերվում էր մեկ մարդ։ Օրենքի ներկայացուցիչ և պաշտպան, ով ոչ թե ոստիկանի հագուստ է կրում, այլ՝ հոգևորականի։
Թե հոգևորականները և թե ոստիկաններն իրենց առաջ ունեն հստակ առաջադրված օրենքներ։
Աստծո ձեռքով քարեղեն տախտակների վրա գրվեցին տասը պատվիրաններ՝ օրենքներ, որոնցով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր քրիստոնյա։ Այդ պատվիրանները հոգևոր առաքինություններն են, որոնք հիմնված են խղճի, ներողամտության ու փոխադարձ սիրո վրա, անխախտ են, անփոփոխ ու արդի բոլոր ժամանակների համար։ Սրանք երկնային օրենքներն են։
Սակայն մարդու կողմից ևս ստեղծվեցին բազմաթիվ օրենքներ՝ Սահմանադրություն, օրենք ոստիկանության մասին, օրենք ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին, կարգապահության կանոներ և այլն։ Սրանք երկրային օրենքներն են։
Հարց է առաջանում. արդյո՞ք հոգևորականը պետք է առաջնորդվի խղճով, իսկ ոստիկանն՝ օրենքով։ Այս և շատ այլ հարցեր քննարկելու համար յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 14:30-ին, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի լսարաններից մեկում հանդիպում են երկու տեսակ՝ երկնային և երկրային օրենքների պաշտպաններ՝ հոգևորականը և ոստիկանը։
Ժամը 14:30-ին առաջին կուրսի ուսանողները ողջունեցին արդեն երկար տարիներ կրթահամալիրում իր հոգևոր առաքելությունն իրականացնող՝ ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին և դասը սկսեցին Տերունական աղոթքով։
Դասի թեման «Երիտասարդ-եկեղեցի փոխհարաբերություններ»-ն էին, սակայն քննարկումները հասան մինչև օրենքներ, եկեղեցական կենցաղին վերաբերող հարցեր, ոստիկան-եկեղեցի հարաբերություններ և այլն։ Մի խոսքով, ապագա ոստիկանների հարցերը շատ էին, իսկ քահանայի պատասխանները՝ համոզիչ։
«Պետք է հասկանալ երիտասարդի մտածողությունը, կապ չունի՝ ոստիկան է, թե ուրիշ բնագավառի ներկայացուցիչ։ Պետք է ճիշտ ընկալել տվյալ օրվա, ժամանակաշրջանի երիտասարդի պահանջները։ Նրանք քարոզիչներ են։ Ակադեմիայում հոգևոր գիտելիքներ ստանալով՝ նրանք պետք է պատրաստ լինեն դրանք քարոզել նաև մյուսներին՝սկսած իրենց ընտանիքներից։ Անկախ մասնագիտությունից՝ հոգևոր կրթությունն անհրաժեշտ է բոլորին։ Այն հոգևոր բացը, որն առաջացել է 70-ից ավելի տարիների ընթացքում, պետք է լրացվի», - ասում է Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։
«Այն, ինչ թույլ է տալիս օրենքն, արգելում է խիղճը։ Ոստիկաններն օրենքի պաշտպաններն են»։ Այս խոսքերը դասի ավարտին կասի ապագա ոստիկաններից մեկը, ով ՀՀ ոստիկանության ծառայողի երդում տալուց հետո շատ անգամ կկանգնի երկընտրանքի առաջ՝ ինչո՞վ առաջնորդվել ծառայության մեջ ՝ խղճո՞վ, թե օրենքով։
Հենց այս տեսակ հարցերի պատասխանները ստանալու համար է, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը կարևորում է հոգևորականի ներկայությունն ակադեմիայում։
Մեծ տեղ տալով նաև ուսանողների հոգևոր անվտանգությանը՝ 2012 թվականին այստեղ կառուցվել է Ս. Վարդան մատուռը, որտեղ ամեն երեքշաբթի Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ընդունում է ուսանողներին և կրթհամալիրի աշխատակիցներին՝ նրանց հուզող հարցերին պատասխանելու և օրհնելու համար:
Կրթահամալիրի ուսանողներն ավարտելուց հետո իրենց վրա պատասխանատվություն են վերցնում պահպանել քաղաքացիների անվտանգությունը։ Հոգևորականները ձեռնադրվելիս պատասխանատվություն են վերցնում պահպանել հայ ազգի հոգևոր անվտանգությունը։
Ոստիկանն իր առաջ ունի երկրային, իսկ հոգևորականը՝ երկնային օրենքներ, իսկ ո՞վ ասաց, թե դրանք բացառում են մեկը մյուսին։ Չկան օրենքներ, որոնք բոլորի սրտով լինեն, սակայն կա մի պատգամ, որի կատարումը, Աստծուն սիրելուց հետո, ամբողջ Օրենքի համառոտ բովանդակությունն է. սիրեցե՛ք միմյանց: Միայն այս դեպքում կնույնանան երկնային և երկրային օրենքները։
Հասմիկ Թամամյան