Նոյեմբերի 8-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար, երգահան ու կոմպոզիտոր Տ. Թովմա քահանա Անդրեասյանի գրական-երաժշտական ցերեկույթը՝ նվիրված Տեր հոր ծննդյան 60-ամյակին: Այդ առթիվ հավաքվել էին նրա ընկերները, գործընկերները:
Տեր հայրը նախ ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջանորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Ապա Տ. Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով:
Տ. Թովմայի ստեղծագործությունները կատարելով ու անցած տարիները հիշելով՝ բազմաթիվ մարդիկ շնորհավորանք հղեցին: Առաջինը Տեր հորը շնորհավորեց բանաստեղծ Արևշատ Ավագյանը: Կատարումներով հանդես եկան Զարուհի Բաբայանը, Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Ֆորշը, Արթուր Իսպիրյանը և այլոք: Շնորհավորելով տարեդարձի առիթով` Էդգար Գյանջումյանն ընդգծեց. «Չգիտեմ` եկեղեցին շահեց, որ նա դարձավ քահանա, թե արվեստը կորցրեց նրան, սակայն ուրախ եմ, որ ունենք Տ. Թովմա դարձած մեր Վահանին»:
Ցերեկույթի ընթացքում խոսվեց 80-ական թվականների սկզբին Տաթևիկ Հովհաննիսյանի հետ համատեղ ստեղծագործական ընթացքից դեպի բազում հայտնի ու սիրված երգերի ստեղծում տանող ճանապարհի` Արթուր Գրիգորյանի հետ ընկերության ու համագործակցության, հեռուստաթատրոնների համար գրված երաժշտության մասին: Շատ երգիչ-երգչուհիների բեմական կյանքը սկսվել է հենց Տ. Թովմայի գրած երգերով:
Սակայն ամենազարմանալին, որի մասին քչերը գիտեն, այն է, որ Տեր հայրը սկսել է ստեղծագործել նաև դասական երաժշտության բնագավառում: Թեև սա, ինչպես նշեցին ընկերներն, իմաստնության ու ստեղծագործական նոր հարթակ բարձրանալու ցուցանիշ է, գործընկերները նրան խնդրեցին բաց չթողնել գեղեցիկ երգեր գրելու ու թատերական երաժշտություն արարելու առիթները:
Տեր հայրը երեկոյի համար առանձնացրել էր այն երգերը, որոնք քիչ են լսվել, ավելի քիչ են ծանոթ հանրությանը: Նա ընթերցեց նաև բանաստեղծություններ, որոնց մի մասն ընդգրկված չէին նրա բանաստեղծությունների հրապարակված վեց գրքերում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին