Պետք է լսել երաժշտությունը՝ վերապրելով

Պետք է լսել երաժշտությունը՝ վերապրելով

«Ամեն ինչ լսեք, բայց ունեցեք խիզախություն և հետևողական եղեք մինչև վերջ գնալ, հասկանալ, թե ինչո՞ւ եք սիրում, արդյո՞ք դա ձեր հոգուն հարազատ է, թե՞ ոչ: Եթե զգում եք, որ օտարացում կա, ապա դրանով մի՛ զբաղվեք, լսեք այլ երաժշտություն»: 
 

Ահա երեխաներին ուղղված այսպիսի հորդորով Արտավազդ Բայաթյանը սկսեց խոսել երաժշտության կարևորության և ճիշտ ընտրության մասին: 


ԱՀԹ «Կանա մանկական» ծրագրի այս հանդիպման թեման էր, թե ինչպե՞ս երաժշտության միջոցով հոգևոր արժեքներ փոխանցել երեխաներին և ի՞նչ թերապևտիկ նշանակություն ունի երաժշտությունը երեխաների զարգացման, ֆիզիկական և հոգեկան առողջության հարցում: 


Հանդիպման բանախոսներն էին Տեր Տաճատ ավագա քահանա Դավիդյանը, երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը, «Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնի հիմնադիր, երաժշտագետ, դաշնակահարուհի, արտ-թերապիայի մասնագետ Արմենուհի Մարտիրոսյանը: 


Երգահանն իր խոսքում կարևորեց երեխայի երաժշտական ճաշակի զարգացման հարցում ծնողների դերակատարումը, քանի որ ծնողները նախ պետք է հասկանան երեխայի ճաշակը, իմանան, թե ի՞նչն է հետաքրքրում նրան: Այս հարցում առաջնայինը փոքր տարիքից ճաշակով երաժշտություն մատուցելն է և նաև այն, որ մայրերը երգեն փոքրիկների համար: Փոքրիկը դառնում է այն երաժշտության երկրպագուն, որը հաճախ լսում են ընտանիքում: 


Արմենուհի Մարտիրոսյանը ևս ընդգծեց, որ երեխայի առողջ լինելու համար մայրը պետք է երգի նրա համար փոքր տարիքում: Կարևոր է հասկանալ, թե ո՞ր տարիքում ի՞նչ երաժշտություն պետք է մատուցել երեխային, օրինակ, երեք տարեկան երեխայի համար կարող է այնքան էլ լավ չլինել Բեթհովենի սիմֆոնիան կամ ռոք երաժշտություն ունկնդրելը, դա կարող է քանդել երեխաների երաժշտության ընկալման համակարգը: 


Տեր Տաճատը երեխաներին ներկայացրեց եկեղեցում երգվող հոգևոր մի քանի երգեր և բացատրեց, որ երգերը մեր զգացումների հետ են կապված, և երբ եկեղեցի ենք գնում, չե՛նք գնում համերգ, չե՛նք գնում գեղեցիկ ձայներ լսելու: Կարևոր է մասնակցել և իմանալ այդ երգերը, չէ՞ որ այն մարդն, ով եկեղեցում երգում է, ասես տասն անգամ աղոթում է, և այդ երգով մենք փառաբանում ենք Աստծուն: 


Արմենուհի Մարտիրոսյանը խոսեց նաև հաճախ հանդիպող այն երևույթի մասին, երբ փոքր տարիքի երեխային մայրն իր հետ տանում է սրճարան, որտեղ պտտվող լույսեր են և աղմկոտ երաժշտություն. «Գիտե՞ք դա ինչպես է ազդում ուղեղի վրա, ասում են, թե երեխան լավ էր զգում, բայց դա հանցագործություն է: Այժմ մայրիկները երեխաների ծնունդից հետո շատ շուտ ուզում են մտնել հասարակական կյանք, գնալ հարսանիք. առաջ այդպես չէր, մայրերը երբեք այդ տարիքում երեխաներին չէին տանում հասարակական վայրեր: Մեկ- երկու տարի կարելի է համբերել»: 


Երաժշտագետը նաև նշեց, որ այդ աղմուկն աուտիզմ, վախեր, կակազություն կարող է առաջացնել երեխայի մոտ: 
«Մինչև 7 տարեկան երեխայի մոտ ձևավորվում է նրա ֆիզիկական մարմինը՝ լյարդը, սիրտը և այլն: Եթե մեկն անընդհատ գոռում է երեխայի վրա, նրա լյարդը չի կարող առողջ լինել. անընդհատ կծկվում է: Դուք ուշադրություն դարձրեք. եթե մեկը ձեր հետ խոսում է կոպիտ լեզվով՝ կծկումներ են սկսվում, նմանապես երեխայի մոտ սկսվում են հիվանդություններ, ու նա չի կարողանում մտքեր ձևավորել, կոմպլեքսավորվում է»: 



Մանկական քրիստոնեական դաստիարակության դասընթացի հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: 



Պատրաստեց Նարե Ոսկանյանը: 
Լուսանկարեց Անի Մուքոյանը: 

  • 2015-11-17
×