Նոյեմբերի 17-ին՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգիր հանձնեց Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններին։
Արդեն երեք տարի է, ինչ թեմի երիտասարդաց միություններն ակտիվ համագործակցում են Երևանի քաղաքապետարանի հետ՝ կյանքի կոչելով բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ։ Երևան քաղաքի բարելավմանն ու երիտասարդությանը վերաբերող հարցերում ունեցած ներդրման և ակտիվ գործունեություն ծավալելու համար այսօր թեմի երիտասարդներն արժանացան պատվոգրի։
Թեմի երիտասարդների ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը քաղաքային ծրագրերին հնարավոր եղավ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և միությունների համակարգող արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ջանքերով, ով Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի պատվավոր անդամ է։
«Մեր հաջողությունների և ձեռքբերումների համար մենք շնորհակալ ենք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ում հայրական օրհնությամբ և աջակցությամբ երիտասարդները կարողանում են հասնել նորանոր բարձունքների», -մեզ հետ զրույցում նշեց Տեր Պետրոսը։
Խորհրդի կազմում է նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի և ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության անդամ Մարիամ Պողոսյանը։
Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը պետության ու քաղաքամայր Երևանի զարգացման գործում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս հայտնեց նույն եռանդով շարունակել համագործակցությունը՝ վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երիտասարդության կողքին:
Պատվոգրեր հանձնվեցին նաև մի շարք հասարակական կառույցների և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին