Ս. Պատարագից հետո ԱՀԹ «Կանա» կենտրոն էին շտապում «Կանա մանկական»-ի ուրախ ու հետաքրքրասեր մասնակիցներն՝ իրենց ծնողների հետ: Կիրակնօրյա այդ հանդիպումը Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը կրկին սկսեց երեխաների համար ուսուցողական զրույց-խաղի կազմակերպմամբ. հնչում էին հարցեր, և ճիշտ պատասխանների դեպքում մասնակիցները միավորներ էին ստանում:
Հարցադրումներից հետո երեխաներից յուրաքանչյուրը Հիսուս Քրիստոսի առաքյալների անուններից մեկը նշեց, իսկ վերջում թվեցին բոլոր 12 առաքյալներին: Նախորդ կիրակնօրյա հանդիպմանը երեխաներին տնային առաջադրանք էր տրված իրենց սեփական բառերով կարճ աղոթքներ մտածել և ներկայացնել: Ահա փոքրիկ մասնակիցների աղոթքներից մի քանիսը.
• «Տե՛ր իմ, շնորհակալ եմ, որ այսօր մեր սեղանին դրվեց սուրբ հանապազօրյա հացը, շնորհակալ եմ, որ այս գիշեր ինձ պահեցիր անփորձանք,շնորհակալ եմ, որ մեզ տվեցիր այս ջինջ երկինքը: Ամեն»:
• «Տե՛ր իմ, շնորհակալ եմ, որ ինձ տվել ես բարի հայր և սիրող մայր, դու ինձ տվել ես բարեկեցիկ կյանք, դու ինձ տվել ես ամեն ինչ, հանապազօրյա հացի համար ես Քեզ շնորհակալ եմ: Ամեն»:
• «Տե՛ր իմ շնորհակալ եմ, որ ինձ տվել ես լավ ընտանիք և առողջ եղբայր, առողջ մայրիկ և առողջ հայրիկ, ամեն»:
• «Տեր հայր, շնորհակալ եմ, որ ինձ տվել ես հայր, մայր և եղբայրներ: Թող մեր ընտանիքը միշտ խաղաղ լինի, հեռու պահիր չարից մեզ և մեր ընտանիքը, և թող մեր ընտանիքին ոչ մի վատ բան չլինի, փա՛ռքդ շատ, Տե՛ր Աստված: Ամեն»:
• «Տեր իմ, շնորհակալ եմ այսօրվա համար, որ ինձ տվել ես թող միշտ այդպես լինի: Ամեն»:
• «Շնորհակալություն Աստված, որ մեզ տվել ես կյանք»:
Տեր Տաճատը երեխաների համար երգեց և սովորեցրեց Ս. Պատարագին երգվող երգերից՝ նշելով, որ այսուհետ յուրաքանչյուր դասի ընթացքում երեխաները մեկ հոգևոր երգ կսովորեն, քանի որ երգով ենք Աստծուն փառաբանում:
«Երբ գնում եք և ձեր հայրիկներին և մայրիկներին ասում, որ իրենց շատ եք սիրում, դա ասում եք ոչ թե տխրությամբ, այլ ուրախությամբ՝ ամուր գրկելով նրանց, նույնն էլ պետք է անենք եկեղեցում՝ երգերի միջոցով», - ասաց Տեր Տաճատը:
Խոսքն ուղղելով ծնողներին՝ քահանան ասաց, որ ինքը միշտ ջանացել է ուրախությամբ եկեղեցի գնացող երեխաներ տեսնել, քանի որ անգամ սաղմոսներում է շեշտվում, որ մենք ուրախությամբ պետք է Աստծուն պաշտենք:
Երբ երեխան ընկնում է, ոտքը վնասում և մայրը գրկում է նրան, տեր հոր խոսքով՝ հրաշք է տեղի ունենում, և ցավն ասես անմիջապես անցնում է. նույնը պետք է զգանք նաև եկեղեցում: Տեր Տաճատը կարևորեց երեխաների մեջ հավատքի ճիշտ սերմանումը, եկեղեցի գնալն առանց կեղծավորության ու աղոթելը՝ ոչ թե միայն շուրթերով, այլ սրտով:
Մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին:
Պատրաստեց Նարե Ոսկանյանը