«ՀՕՖ-ն ինձ համար ամեն ինչ է` ընտանիք, երկրորդ մամա ու պապա։ Քահանաների հետ շփվելուց հետո երջանիկ եմ, զգում եմ, որ իմ բոլոր խոսքերը տվել եմ Աստծուն», - ասում է 11-ամյա Էլիզան:
Նա մեկն է այն երեխաներից, ում իր հովանու տակ ընդունել է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ը։
Նոյեմբերի 23-ին` Երախտագիտության տոնին ընդառաջ, Մոսկվայի տանը կայացավ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Շնորհակալ եմ, որ կաս» միջոցառումը` նվիրված ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի «Բարեկամների խորհուրդ»-ի 10-ամյակին:
Միջոցառմանը բացման խոսքով և աղոթքով մասնակցեց նաև Արարատյան Հայրապետական թեմի Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քհն. Սաֆարյանը, ով երկար ժամանակ է, ինչ ամեն շաբաթ այցելում է կենտրոն և հոգևոր աջակցություն ցուցաբերում երեխաներին:
Տեր հայրը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունն ու շնորհավորանքը:
«Աստծուն ամենաշատը նման լինելու ճանապարհն այն է, երբ մարդ կարողանում է բարիք գործել։ Երբ մարդ բարիք է գործում, նմանվում է Աստծուն», - ասաց տեր հայրը:
Այստեղ հայտնվելով՝ երեխաները ստանում են կրթության հնարավորություն, ձեռք բերում նոր ընկերներ և որ ամենակարևորն է` սեր։ ՀՕՖ-ը լույսի մի շող դարձավ հուսահատ, երկյուղած մանուկների համար` ապացուցելով, որ նրանք միայնակ չեն, որ սիրված են։ Էլիզայի պես շատերը չունեին նպատակներ, երազանքներ, իսկ այսօր հաստատուն քայլերով մոտենում են իրենց երազանքներին։ Նրանք սովորում են ապրել երախտագիտության զգացումով։
Աննա Սահակյան