Կույր շախմատը բացառիկ հմտություն է, որին տիրապետում են բարձրակարգ և ուժեղ շախմատիստները: Այն պահանջում է մի շարք ունակություններ, մասնավորապես՝ խաղատախտակը պարզորոշ հիշել: Բայց կույր շախմատը և այն շախմատը, որ կույր մարդիկ են խաղում, բոլորվին տարբեր բաներ են։ Շատերը զարմանում են, թե ինչպե՞ս կույր մարդը կարող է շախմատ խաղալ։
Նույն տախտակը, նույն խաղաքարերը, նույն կանոները. ոչ մի տարբերություն, միայն պետք է խաղից առաջ փակել աչքերը։
Դեկտեմբերի 2-ին տեսողական խնդիրներ ունեցող անձանց մշակույթի տանը (Արաբկիր) հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առիթով կազմակերպվել էր շախմատի մրցաշար՝ տեսողական և լսողական խնդիրներ ունեցող անձանց համար:
Միջոցառման սպասված հյուրը Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պետրոս ավագ քահանա Մալյանն էր, ով աղոթքով սկսեց մրցաշարը և ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։
Միասնական աղոթքից հետո վիճակահանությամբ որոշվեցին սև և սպիտակ խաղացողները, և խաղը սկսվեց։
Առաջին հայացքից ամեն ինչ նույնն է։ Երկու խաղացող, սև ու սպիտակ խաղաքարեր, տախտակ և ժամացույց. խաղում են տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձինք։ Նրանց խաղը հասկանալու համար հարկավոր է ոչ թե նայել խաղադաշտին, այլ՝ շոշափել այն։ Փակեք աչքերը և սկսեք խաղը։ Եթե խաղաքարի ներքևի հատվածում փորված գիծ կա՝ ուրեմն դու սպիտակ խաղացող ես, կարող ես կենտրոնանալ և անել առաջին քայլը։ Իսկ եթե խաղաքարի վրա որևէ շոշափելի նշան չկա, ուրեմն սպասիր, որպեսզի կարողանաս քայլ կատարել։ Դաշտի վրա կան հատուկ անցքեր, որպեսզի խաղաքարերը դրվեն դրանց մեջ և խաղի ընթացքում չկորեն։
Արդեն երեք տարի է, ինչ Արարատյան թեմը Ս. Աբգար թագավորի տոնի առթիվ թեմի երիտասարդաց միությունների կողմից կազմակերպվող շախմատի ամենամյա փառատոնի շրջանակում համագործակցում է տեսողական խնդիրներ ունեցող անձանց մշակույթի տան հետ։ Այս տարի փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 6-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում։
Շախմատիստները և շախմատի տեսաբանները հիմնականում համամիտ են, որ շախմատում առաջին քայլը խաղացողին տալիս է որոշակի առավելություն։ Այս տեսակետն է ցույց տալիս նաև 1851 թվականից սկսած շախմատային խաղերի ամբողջական վիճակագրությունը, ըստ որի՝ սպիտակները մի փոքր ավելի շատ են հաղթում, քան սևերը. տոկոսային հարաբերությունը կազմում է 52 և 56 տոկոս։ Սևերի և սպիտակների մշտական պայքարը շարունակվում է մինչ օրս, բայց երբ աչքերդ փակում ես, այլևս կարևոր չեն գույները։ Կարևորը ճիշտ քայլն է։
Հասմիկ Թամամյան