Մշակույթը ազգի հոգևոր հայելին է. մեր մշակույթը երեկ չի ծնվել և վաղը չի մահանալու

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Մշակույթը ազգի հոգևոր հայելին է. մեր մշակույթը երեկ չի ծնվել և վաղը չի մահանալու

Մշակույթը ազգի հոգևոր հայելին է. մեր մշակույթը երեկ չի ծնվել և վաղը չի մահանալու

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա»  կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումների շարքից այս անգամ քննարկվում էր, թե ինչպես երեխաների մեջ սեր ու հետաքրքրվածություն սերմանել ազգային երգ ու պարի հանդեպ, դաստիարակել ու կրթել ազգային ու հայրենասիրական ոգով: Հանդիպման բանախոսներն էին Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, արվեստաբան, արվեստի քարոզչության մասնագետ Անի Մարգարյանը: 


Նախ կարևորելով մատաղ սերնդի հոգևոր և ազգային արժեքների սերմանումը, Տեր Զգոնը նշեց, որ մեր հոգևորը և ազգայինը սերտաճած են արդեն բազում դարեր շարունակ, և մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել: Ազգային արժեքները մեծապես կախված են նաև քրիստոնեական առաքինությունների հետ, որոնք միտված են մարդասիրությանը, միմյանց հանդեպ հոգատարությանը, սեփական ժողովրդի, ազգի, հայրենիքի նկատմամբ սիրուն: 
Տեր հոր խոսքով՝ այս առաքինությունները սերտաճելով հազարամյակներ շարունակ մեզ հասած ավանդույթների, սովորույթների հետ, դառնում են գեղեցիկ և յուրովի հայկական կոլորիտ, որն ապահովում է հայի կեցվածքը: 


Խոսելով ազգային պարերից՝ Գագիկ Գինոսյանը հիշեցրեց Կոմիտասի այն խոսքերը, որ պարը ցույց է տալիս յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:  Պարերի տեսակներից քննարկման ընթացքում խոսվեց հատկապես որոշ ռազմապարերի մասին, որոնք հավաքական ոգի կերտելու, անպարտելիության խորհուրդ ներշնչելու առաքինություն ունեն: 


Նախադպրոցական տարիքի երեխաներին ազգային պարերին ծանոթացնելու համար Գագիկ Գինոսյանը նշեց, որ թեև կան ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ յուրաքանչյուր շարժումը մանրակրկիտ մեկնաբանվում է, բայց գերադասելի է, երեխաներն ավելի շատ լինեն այդ միջավայրում, լսեն մեղեդին, եթե ցանկություն ունեն պարել: 


Անի Մարգարյանը, ով հայոց ազգային մշակույթի պահպանմանն ու տարածմանն ակտիվ մասնակցում է տարաբնույթ նախաձեռնություններով, ինչպիսիք են  «Սարի աղջիկը հայկական երգ է», «Սերնդեսերունդ»  և այլ ծրագրեր, ներկայացրեց դրանք՝ շեշտելով, որ պետք է փորձել հավաքել ու փոխանցել այն բոլոր երգերը, որոնք կորստյան եզրին են, մեր ապուպապերի լուսանկարները, սերնդեսերունդ փոխանցված պատմությունները: Անին նաև մեր ազգային գեղեցիկ երգերից կատարեց երեխաների համար՝ կարևորելով դրանց գեղեցիկ մեղեդայնությունն ու տարածման անհրաժեշտությունը: 


Տեր Զգոնն անդրադարձավ նաև այն խնդրին, որ հաճախ նյութապաշտությունը մարդկանց մեջ զորանալով, ազգային, հոգևոր, բարոյական արժեքները երկրորդ պլան մղելով՝  կործանարար ազդեցություն է ունենում մարդու թե՛ բարոյական, թե՛ հոգևոր կեցվածքի վրա և դառնում ազգային անկման հետևանք: 
Հանդիպման ավարտին «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավարը երեխաներին, ծնողներին և ներկաներին ներկայացրեց Էջմիածին պարի խորհրդաբանությունը, սովորեցրեց և բոլորով՝ երեխաների հետ միասին շրջան կազմած, պարեցին ազգային ոգի արթնացնող պարն ու դեռևս նախաքրիստոնեական շրջանից մեզ հասած «Քոչարին»: 


Արարատյան Հայրապետական թեմի Կանա կենտրոնի երեխաների, ինչպես նաև ներկա և ապագա ծնողների համար անցկացվող մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի ՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ. 13.00-ին: 



Պատրաստեց  Նարե Ոսկանյանը

  • 2016-12-01
×