Ս. Գեղարդի ուխտը հոգևոր նորոգության ճանապարհ

Ս. Գեղարդի ուխտը հոգևոր նորոգության ճանապարհ

Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ:  Ս. Պատարագի ընթացքում հանդիսավոր թափորով Մայր Տաճար բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը, որի սրբությանը հաղորդակցվելու և օրհնությունը ստանալու համար ուխտավորաբար Ս. Էջմիածին էին այցելել բազմաթիվ ուխտավորներ Հայաստանից և այլ երկրներից: 


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ Մայր Աթոռ էին ժամանել նաև ուխտավորներ՝ թեմի բոլոր համայնքներից: 


Սուրբ Պատարագին ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերից ժամանած բազում ուխտավորներ, զինվորականներ: 


Պատարագի արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս․ Գեղարդով օրհնեց և արձակեց ներկա ժողովրդին։ 


Սուրբ Գեղարդը ի տես և ի երկրպագություն հավատացելոց Մայր Տաճարում մնաց մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: 



Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ խաչի վրա: Ս. Ավետարանը վկայում է. «Երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողերը, և իսկույն արյուն և ջուր ելավ» (Հռոմ. 19:33-34): 

 


Հայոց Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, Տերունի այս սրբությունն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադեոս առաքյալը: Համաքրիստոնեական այդ սրբությունը դարեր շարունակ պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում ի պատիվ Ս. Գեղարդի կոչվել է Գեղարդավանք: ԺԸ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է հայության հոգևոր կենտրոնում: 



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

  • 2016-12-04
×