Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

Հաշմանդամության միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 3-ին՝ Արարատյան Հայրապետական թեմի մի շարք եկեղեցիներում կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց։ Բացի եկեղեցիներում կազմակերպվող միջոցառումներից, հոգևոր հայրերը այցելություններ կատարեցին տարբեր հաստատություններ։


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ դեկտեմբերի 3-ին ՀԱԹ Ս․ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի նախաձեռնությամբ Խարբերդի մանկատան սաները հնարավորություն ունեցան հաշմանդամության միջազգային օրվա առիթով «Հայաստան» կինոթատրոնում մուլտֆիլմ դիտել, որից հետո այցելեցին եկեղեցի:


Եկեղեցու դահլիճում մանկատան սաներին երգուպարով, խաղերով ու նվերներով դիմավորեցին երիտասարդաց միության անդամները։
Բարեգործական ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ նաև Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցում։ Մարզի 15 գյուղերի 85 հաշմանդամների բաժանվեցին մատաղ և նվերներ։


Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Արաբկիրի «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանում  կազմակերպվել էր  տոնական ճաշկերույթ և համերգ, որին աղոթքով և օրհնությամբ մասնակցեց նաև Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն՝ ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող անձինք մշտապես մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն։  Պետք  է մշտապես աշխատանքներ տարվեն նրանց  արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու և միաժամանակ նրանց հասարակության մեջ ինտեգրելու ուղղությամբ:


«Ողջ տարվա ընթացքում, հատկապես տաղավար տոներին, հաշմանդամություն ունեցող անձինք մեր ուշադրության կենտրոնում են։ Իսկ հաշմանդամների միջազգային օրը թեմում նշվում է հատկապես, այն մեր բարեգործական կարևոր ծրագրերից մեկն է։ Այս տարի ծրագրերին մեծ աջակցություն ցուցաբերեց բարերար Հերմինե Սարգսյանը», - ասաց թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան  Պետրոսյանը։


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-12-04
×