6-ամյա Տիգրանը թուղթ ու գրիչը ձեռքին, խելացի աչքերը այս ու այն կողմ էր տանում ու նայում շախմատի տախտակին։ Երկար մտածելուց հետո կանգնեց աթոռին, ձեռքը տարավ դեպի «զինվորն» ու արեց առաջին քայլը։ Տիգրանի հակառակորդը տարիքով մի քանի անգամ գերազացում է նրան, սակայն խաղի արդյունքը ցույց տվեց, որ շախմատը տարիք, սեռ կամ որևէ այլ հանգամանք հաշվի չի առնում։
Շախ և մատ։ Փոքրիկ Տիգրանը անցնում է երկորդ փուլ, որտեղ պետք է հանդիպի գրոսմաստերների հետ։
- Ես շատ եմ սիրում շախմատը, որովհետև այս խաղում պետք է շատ մտածել։ Կաշխատեմ հաղթել գրոսմաստերին։ Ինձ թվում է՝ կկարողանամ, - ասում է Տիգրանը։
Դեկտեմբերի 6-ին Տիգրանի նման շատ երեխաներ, քահանաներ, զինվորներ, հաշմանդամություն ունեցող անձինք, թեմի երիտասարդաց միության անդամներ, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի ուսանողներ և շատ այլ շախմատասերներ մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կազմակերպված շախմատի ամենամյա չորրորդ մրցաշարին՝ նվիրված Ս. Աբգար թագավորին:
ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ երիտասարդներն արքային վայել խաղի ամենամյա մրցաշարը կազմակերպում են` նպատակ ունենալով վերարժևորել Ս. Աբգար թագավորի հիշատակը: Նա առաջին արքան էր, ով Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում ընդունեց Նրան որպես Աստված` հրավիրելով գալ ու թագավորել Եդեսիայում:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները խաղը կազմակերպում են արդեն չորրորդ անգամ:
Խաղն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները խաղացին միմյանց հետ: Իսկ հաղթողների հետ արդեն այս տարի առաջին անգամ միաժամանակյա խաղ անցկացրեցին երկու գրոսմայստեր` միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ով ՀՀ առաջնությունում հաղթել է 3 անգամ (1969, 1971,1972թթ.), և ՀՀ վեցակի, ԽՍՀՄ վերջին չեմպիոն Արտաշես Մինասյանը:
Առաջին փուլի հաղթողներն արդեն պատրաստ են պայքարի մեջ մտնել գրոսմաստերների հետ։ Երկու վարպետներն՝ ընդդեմ 20 շախմատասերների։ Մեկուկես ժամ տևողությամբ խաղում ոչ ոք չէր ցանկանում հանձնել արքային։
Արդյունքում՝ երկու «ոչ ոքի» ավարտված խաղ։
- Գրոսմաստերի հետ ոչ ոքի խաղալն ինձ համար հավասար էր հաղթանակի, - ասաց փոքրիկ Գոռը։
Փոքրիկ Տիգրանի խաղային պարտիան ավարտվեց նրա պարտությամբ, սակայն գեղեցիկ և խելացի խաղի համար նա պարգևատրվեց պատվոգրով և «Նարեկ»-ով։
Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը պատվոգրեր, շնորհակալագրեր և խրախուսական նվերներ հանձնեց մասնակիցներին և գրոսմաստերներին։
Ի տարբերություն իրական արքայական խաղի՝ իրական կյանքը չի ավարտվում հաղթանակով կամ պարտությամբ։ Իրական կյանքում խաղը սկսվում է յուրաքանչյուր պարտիայի ավարտից հետո։ Ու չնայած այն բանին, թե հաղթել ես, թե պարտվել, պետք է շարունակես խաղը։