Եթե թեկուզ 18 երեխա հավատա Ձմեռ պապի գոյությանն, ապա հրաշքներն իրենց սպասեցնել չեն տա։ Ինչպես դա եղավ դեկտեմբերի 24-ին Նորք Մարաշի «Մանկան տանը»։
Մանուկներն իրենց տանը դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներին՝ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ։ Տեր հորը, Ձմեռ պապին և երիտասարդներին դիմավորեցին արքայադուստրը, փոքրիկ վագրը, զատիկը և այլ մուլտհերոսներ։ Երգ ու պար, տոնածառ, հեքիաթային հերոսներ, Ձմեռ պապ ու ամանորյա շուրջպար՝ մանուկները մեծ ոգևորությամբ և սիրով էին պատրաստվել հյուրերին դիմավորելուն։ Թեմի երիտասարդները և Տեր Պետրոսը երեխաների օրը տոն դարձնելու համար նվերներ էին պատրաստել, որոնք հանձնեցին Ձմեռ Պապի օգնությամբ։
Միջոցառման ամբողջ ընթացքում փոքրիկ Բակոն վագրի հանդերձանքով անընդհատ դուրս էր գալիս երեխաների խմբից, հերթով մոտենում էր երիտասարդներին, հետո Տեր Պետրոսին ժպտում ու ամուր գրկում։
Եթե մյուս երեխաները նախընտրում են փափուկ խաղալիքներ գրկել, դրանց հետ խաղալ, ապա այս փոքրիկները մարդկային շփման ու գուրգուրանքի կարոտ ունեն։ Այդ կարոտն է, որ ամանորին ընդառաջ փորձում են լրացնել ԱՀԹ երիտասարդաց միության անդամներն՝ այցելելով մանկատներ ու ծերանոցներ։
«Դուք եք աշխարհի լույսը, թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է», - պատվիրում է Քրիստոս (Մատթեոս 5:14, 16):
Մանուկների տան տոնածառի լույսերը ցերեկը վառված չէին, բայց լուսավորության կարիք չկար։ Անգամ ցերեկվա լույսի ներքո տան 18 երեխաները լույս էին տալիս։ Նրանցից յուրաքանչյուրը փոքրիկ մոմ է, որը լուսավորում ու ջերմացնում է շուրջբոլորը։ Քանի նրանք հավատում են Ձմեռ պապին, հավատում են նաև հրաշքներին։ Այդ հավատն օգնում է նրանց վառ պահել ներքին լույսը։
Այսօր այդ մոմերը, սակայն, ուշադրության ու սիրո կարիք ունեն, սեր ունեն, սակայն այդ սերը «վերցնող» չունեն։ Նվերները հանձնելուց հետո երեխաները ժպիտով ճանապարհեցին տեր հորն ու երիտասարդներին, ովքեր արդեն մշտական հյուրեր են դարձել այս տանը։ Արդեն երկար տարիներ է, ինչ «Մանկան տուն»-ը Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում է։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին