Մատուցվեց Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագ

Մատուցվեց Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագ

Հունվարի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հընթացս Ս. Պատարագի Տ. Շահեն ընթերցեց Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ս. Պատարագին ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ: 
 

Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը Ս. Ծննդյան և Հայտնության Ավետիսը փոխանցեց հավատավոր ժողովրդին` ողջունելով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ: Օրհնեալ է Յայտնութինն Քրիստոսի»:


Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ առաջնորդարանում կատարվեց Տնօրհնեքի կարգ: Առաջնորդարանի հանդիասասրահում հավատացյալներն առիթ ունեցան շնորհավորելու թեմի առաջնորդական փոխանորդին ու միմյանց:


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:


Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»: Վաղը` հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցի Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-01-05
×