Հունիսի 5-ին Երևանի Ս․ Հովհաննես եկեղեցում մեկնարկել է ամառային 5-օրյա ճամբարը։ Այն միտված է օգնել երեխաներին ոչ միայն վայելել ամռան ազատությունը, այլ նաև հոգևոր սնունդ ստանալ, ծանոթանալ եկեղեցու ծեսերին, մասնակցել եկեղեցական արարողություններին, որն ավելի կօգնի գիտակցաբար մոտենալ Աստծուն և եկեղեցուն։
«Ամառային այս ճամբարները շատ կարևոր են փոքրիկների սրտերում բարի հունդեր սերմանելու համար: Առաջին հայացքից թվում է, թե երեխաներն ուղղակի գալիս են խաղալու համար և ոչ մի արտասովոր բան չկա, բայց սա հենց առաջին քայլն է եկեղեցի գալու և եկեղեցին ճանաչելու համար: Սրանով նրանց սրտում ցանվում է առաջին հատիկը», - ասում է Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:
«Հայր մեր, որ երկնքում ես». այս խոսքերով են հինգ օր շարունակ իրենց օրը սկսելու համայնքի քսաներկու երեխաներ։ Օրն աղոթքով սկսելուց հետո երեխաները զբաղվում են մարմնամարզությամբ ու բակային խաղերով, իսկ մի փոքր հանգստից ու ճաշից հետո անցնում թեմատիկ դասերին։
«Երկու օր է, ինչ սկսել ենք ճամբարը։ Ցանկությունը մեծ է երեխաներին համակարգիչներից կտրել և մոտեցնել եկեղեցուն։ Ճամբարի ընթացքում անցկացնում ենք Հայոց եկեղեցու պատմության դասեր, որպեսզի մասնակիցները գոնե որոշ չափով ծանոթանան եկեղեցական արարողություններին ու պատմությանը», - ասաց եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Գևորգը։
Կարևորելով քրիստոնեական դաստիարակությունը մանուկ հասակից, ամռան ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի մի շարք եկեղեցիներում կազմակերպվում են այսպիսի ճամբարներ։
«Երկու օր է, ինչ գալիս եմ ճամբար։ Մենք ամեն անգամ հաց ուտելուց աղոթում ենք։ Այստեղ գալն Աստծո հանցեպ սեր է տալիս ինձ», - ասում է 9-ամյա Անահիտ Մհերյանը։
Այն հարցին, թե ի՞նչ է տալիս ճամբար գալը երեխաներին, փոքրիկ Էմման պատասխանում է․ «Այստեղ ես հասկացա, որ սիրում եմ Աստծուն և պետք է ինձ այնպես պահեմ, որպեսզի Աստված տեսնի, թե ինչքան լավն եմ ես»։
Նախշուն Այվազյան