Մարտի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Երիտասարդաց միության հետ այցելեց Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Սրբազան հորն ուղեկցում էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը, հոգևոր սպասավորներ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը և Տ. Զգոն քահանա Աբրահամյանը: Քահանայից դասը մանկատան սաների ու աշխատակիցների համար կատարեց բժշկության կարգ, ապա Երիտասարդաց միության «Զորավոր» երգչախումբը ներկաներին հուզեց հոգևոր ու աշխարհիկ երգերի կատարմամբ: Երեխաներն էլ իրենց կատարումներով ձայնակցեցին երգչախմբին: Երեխաներին հատկապես դուր եկան միության անդամների ցուցադրած տիկնիկային ինտերակտիվ ներկայացումը և ծաղրածուների կազմակերպած խաղերը: Սրբազան հայրը շրջեց մանկատանը, ծանոթացավ երեխաների կեցության պայմաններին, այցելեց մանկատանը գործող հին իրերի թանգարան: Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանի խոսքով` Սրբազան հոր այցելությունն անակնկալ էր ու շատ պարտավորեցնող: Նա նշեց, որ ԱՀԹ-ի քահանաներն ամեն ամիս այցելում են իրենց` հոգևոր ու նյութական աջակցություն բերելով երեխաներին: Այս անգամ էլ հյուրերը դատարկաձեռն չէին. երեխաների համար բերել էին խնամքի պարագաներ և սնունդ:
slaq.am «Շողակաթ» հեռուստաընկերության ռեպորտաժ armenpress.am
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան