Մեր զինվորը մեր կողքին է

Մեր զինվորը մեր կողքին է

- Որ գնում եք Բերդ եք մտում, ձախի թևին քարի վրա ամրոցա՝ գիտե՞ք։ Ցլիկ Ամրամի բերդնա՝ Տավուշը, էտ ամրոցի անունովն էլ Տավուշա կոչվում, - ասում է Չինարիի 86-ամյա Նորիկ պապն ու շարունակում, - հաջողություն ասեք բոլոր երևանցիներին։ Լավ կացեք՝ մենք լավ ենք։ Թուրքն էդքան ուժ չունի, որ մեզ վնաս տա։ 
 

Երևանից Տավուշ (ՏաՀույս)՝ մոտ 50 երիտասարդ անցան այս ճանապարհն ուրախ ու ոգևորված, քանի որ հանդիպելու էին մեր սահմանները պաշտպանող զինվորիներին՝ նրանց քաջալերելու կամ հակառակը՝ նրանցից ոգևորվելու ու հույս ստանալու ակնկալիքով:


Հայոց բանակի 25-ամյակի առիթով «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում փետրվարի 4-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը, Դալարի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը և երիտասարդաց միության անդամները այցելեցին հյուսիս-արևելյան տարածաշրջանում` Տավուշ (ՏաՀույս) աշխարհում տեղակայված N զորամաս՝ շնորհավորելու զինվորներին:


ԱՀԹ բարեգործական գրասենյակի, Արարատի Ս.Հակոբ և Դալարի Ս. Աստավածածին եկեղեցիների համայնքների ջանքերով Բերդի N զորամաս հանձնվեցին տաք գուլպաներ, քաղցրավենիք, հյութեր, պահածոներ և օրհնված խաչեր:


Զիվորներին քաջալերելու և նրանց մեկ օրը տոն դարձնելու համար նախաձեռնությանն էին միացել նաև «Շավիղ», «Պարենք հայերեն» և այլ երիտասարդական կրթամշկութային նախաձեռնության անդամ երիտասարդներ:


Այցելուներին դիմավորեցին 3-րդ բանակային զորամիավորման ավագ գնդերեց Տ. Վանանդ քահանա Անդրեասյանը և զորամասի գնդերեց Գևորգ սարկավագ Միրզոյանը՝ սպայական անձնակազմի հետ միասին:


Զորամասում միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով ու օրհնությամբ, որին հաջորդեց համերգային ծրագիրը:


Օգնությունը զորամասում բաշխելուց հետո տեր Դավիթը, Գևորգ սարկավագի, Տեր Վանանդ քահանայի և հրամանատարի ուեղկցությամբ բարձացան դիրքեր, որտեղ տնօրհնեք կատարեցին, օրհնեցին սահմանապահ զինվորիրներին, նրանց խաչեր նվիրեցին և փոխանցեցին հավաքվաց օգնությունը:


Մեզ դիրքեր ուղեկցող զինվորը չխոսեց ամբողջ ճանապարհին, միայն մի երկու բառ ասաց ու երկու անգամ ժպտաց: Ուղիղ երկու անգամ: Նա չէր խոսում, բայց երբ նայում էիր մեքենայի առջևի փոքրիկ հայելուն ու տեսնում նրա հայացքը, հասկանում էիր, որ նրանք են մեր կողքին ու նրանք են մեզ հույս տալիս:


Զորամաս այցելությունը երիտասարդներից մեկի՝ Գայանեի համար կարևոր և հիշարժան դարձավ ևս մեկ առիթով: Այդ օրը զորամասի Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց նրա մկրտության արարողությունը: Յուրահատուկ զգացողություն է մկրտվել այնպիսի վայրում, որտեղ մի կողմից լսվում է քահանայի երգեցողության ձայնը, մյուս կողմից՝ զինվորների շարայինի:


Մենք մեր զինվորի կողքին ենք. այս բառերը յուրաքանչյուր հայի համար ուղղակի ասված բառեր չեն:


- Մենք միշտ էլ մեր զինվորի կողքին ենք։ Կրակ ենք վառում, որպեսզի չորանան տղերքը։ Ռիսկ ենք տալիս, թևավորում ենք, - ասում է սահմանամերձ Չինարիի բնակիչ Էդիկ պապը:


Հայ իրականության մեջ դժվար է տարանջատել, թե մենք ենք զինվորի կողքին, թե զինվորն է մեր կողքին, մենք ենք զինվորին հույս տալիս, թե՝ նա մեզ: Բայց զինվոր-քաղաքացի յուրահատուկ կապը զգում ես միայն, երբ սահմանին նայում ես սահմանին կանգնած:



Հասմիկ Թամամյան

  • 2017-02-04
×