Մեկնարկեց «Արարատյան քննարկումներ» նախագիծը

Մեկնարկեց «Արարատյան քննարկումներ» նախագիծը

Մեկնարկեց «Արարատյան քննարկումներ» նախագիծը Մարտի 7-ին մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի համատեղ` «Արարատյան քննարկումներ» նախագիծը: Այն կյանքի է կոչվել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ: Առաջին հանդիպումը նվիրված էր գրաբարին: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը և ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը բացեցին Տերունական աղոթքով: Ապա ցուցադրվեց «Գրաբար. լեզու նախնյաց» ֆիլմը. հեղինակ` Նարեկ Աշուղաթոյան, օպերատոր` Լևոն Առաքելյան: Ֆիլմի դիտումից հետո «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը պատմեց, թե ինչպես է ծնվել ֆիլմը: Նրա խոսքով այն գրաբարի ուսուցման ու տարածման ծրագրի մի մասն է: Այդ ծրագրի շրջանակում նրանք կազմակերպել են գրաբարի դասընթացներ, որոնց մասնակցել է շուրջ 200 մարդ: Հիմա գրաբարի դասեր կազմակերպում են նաև Լոնդոնում: Ժամանակակից տեխնոլոգիաները ևս օգտագործվում են այս նպատակի համար. «Ծիրանի մշակութային հանգույցի» անդամները ստեղծել են www.grabar.am կայքը, որով յուրաքանչույրը կարող է սովորել գրաբար` լսելով դասախոսությունները, հետևելով անիմացիայի միջոցով տրվող բացատրություներին ու օգտվելով բառարանից: Գրաբարի նշանակության, արժեքի ու աստվածային լեզու լինելու մասին խոսեց արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Նա ասաց, որ մի շարք լեզվաբան-գիտնականների կարծիքով գրաբարը նախամարդու` Ադամի ու Եվայի լեզուն է եղել: Նրանք այդ լեզվով են շփվել Աստծո հետ: Եթե ֆրանսերենը պոեզիայի լեզու է, անգլերենը` քաղաքականության, լատիներենը` գիտության, ապա գրաբարը հոգևոր լեզու է, Աստծո հետ հարաբերվելու, աղոթքի լեզու է: «Գրաբարով պահպանվել են բազմաթիվ հնավանդ ստեղծագործությունների թարգմանություններ, որոնք համարվում են բնագրեր, քանի որ դրանք հնագույն տարբերակներն են»: Գրաբարի մասին քննարկմանը մասնակցելու էր եկել նաև պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, ում ուրախացրել էր մարդաշատ դահլիճը: Նրա խոսքով գրաբարի մասին քննարկումները երբեք այսքան մեծ լսարան չեն ունեցել: Վերադարձը դեպի գրաբարին, դեպի նախնյաց լեզվին Ռ. Համբարձումյանը տեսնում է դպրոցների միջոցով, որտեղ, ըստ նրա, պետք է պարտադիր ուսուցման առարկա դառնա: Ն.Աշուղաթոյանի խոսքով գրաբարը դպրոց ներմուծելու համար նախ դասագքեր, դասավանդողներ ու նոր մեթոդաբանություն է պետք, ինչն այս պահին դժվարիրականացնելի է: «Հենց այդ պատճառով էլ մենք ընտրել ենք ոչ ֆորմալ կրթության տարբերակը: Հիմա աշխատում ենք դասավանդողներ պատրաստելու ուղղությամբ: Չնայած սրան, պետք է ասել, որ այսօր գրաբարն արդեն մուտք է գործել դպրոց` «Այբ» ավագ դպրոցի օրինակով»: Գրաբար դասավանդվում է նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Կրթահամալիրի էլետրոնային գրադարանի ղեկավար Զարուհի Առաքելյանը ներկայցրեց իրենց մոտ իրականացվող «Գրաբարը ծեսի լեզու» նախագիծը, որով սովորողները ծանոթանում ու սովորում են գրաբար: Նա ասաց, որ իրենց կայքում տեղադրել են www.grabar.am –ի հղումը և արդեն 1000 այցելություն է գրանցվել: Սա նշանակում է, որ գրաբարի մասին այս հղումը հետարքրել է սեբաստացիներին: «Արարատյան քննարկումներ» նախագիծը բաց է բոլորի համար: Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն սեմինար- դասախոսություններ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակույթի գործիչների ու հոգևորականների հետ: Այն պետք է օգնի հայ մարդուն ծանոթանալ հայրենի ժառանգությանը, արժեքներին, հնարավորություն ստեղծի վերլուծել ազգային առանձնահատկությունները և նորովի անդրադառնալ պատմությանն ու դրա դասերին: Լուսանկարները դիտեք այստեղ «Առավոտ» օրաթերթ «Արմենպրես» mediagid.am 168.am «Շողակաթ» հեռուստաընկերության ռեպորտաժ

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2014-03-08
×