Հունիսի 1-ը Արարատյան Հայրապետական թեմում

Հունիսի 1-ը Արարատյան Հայրապետական թեմում

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18:3-5)։


Հունիսի 1-ին բակերում, փողոցներում և ամենուր մանուկների պակաս չկար։ Երեխաների օրը տոն դարձնելու համար ջանք չէին խնայել նաև եկեղեցու սպասավորները։


Երեխաների պաշտպանության օրվա առիթով Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կատարվեց մանուկների օրհնության կարգ, և կազմակերպվեցին բազմաթիվ  տոնականան միջոցառումներ։


Հունիսմեկյան տոնական միջոցառումների շրջանակներում  վաղ առավոտից Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում տիրում էր տոնական մթնոլորտ: Տոնական միջոցառումը մեկնարկեց մանուկների օրհնության կարգով, որը շարունակվեց համերգային ուրախ ծրագրով: Միջոցառմանն իրենց ողջույնն էին բերել «Նոր Նորք» հայորդյաց տան սաներն` ուրախ երգուպարով:


Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում երեխաների օրը սկսվեց աղոթքով: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանն օրհնեց մանուկներին, որից հետո նրանց մասնակցությամբ տեղի ունեցավ հետաքրքիր և տոնական միջոցառում: Մասիսում տոնական միջոցառումը շարունակվեց մինչև ուշ երեկո։


Արարատի Ս. Հակոբ եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը հունիսի 1-ի առթիվ այցելեց Արարատ համայնքի մշակույթի տուն: Այստեղ էին հավաքվել համայնքի մանուկները՝ մասնակցելու համայնքապետարանի կողմից կազմակերպած տոնական միջոցառմանը: Տեր հայրը շնորհավորեց և օրհնեց ներկա բոլոր մանուկներին:


Կավճանկար, երգ-երաժշտության և ուրախ տրամադրություն. այս ամենը երեխաների համար կազմակերպվել էր նաև ՀԱԹ Ս. Երրորդություն, Մխչյանի Ս. Հովհաննես, Դվինի Ս. Հարություն, Արևշատի Ս. Աստվածածին, Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցիների բակերում։


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ԱՀԹ Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը մասնակցեց «Մուրացան» հիվանդանոցում Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:


Հունիսի 1-ը ևս մեկ հրաշալի առիթ է լինել մանուկների կողքին, ուրախանալ նրանց հետ, ի ցույց դնել նրանց հանդեպ տածած մեր անսահման սերն ու նվիրվածությունը: Բայց դա չի նշանակում, որ սա պետք է լինի տարվա մեջ միակ օրը, երբ հարկավոր է հիշել և ուշադրություն դարձնել մանուկներին։ Երեխաները և նրանց աստվածահաճո դաստիարակությունը  մշտապես պետք է լինեն ամենքիս ուշադրության կենտրոնում։



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-06-02
×