Հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը, որն իրենց ներկայությամբ պատվել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, Աժ պատգամավորներ, կառավարության անդամներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ:
Հայկ Մարությանը հանդիսավորությամբ երդվեց ազնվորեն ու բարեխղճորեն կատարել պարտականությունները, ծառայել Երևանին ու երևանցիներին՝ խորին շնորհակալություն հայտնելով իրեն վստահելու համար:
Երևանի թանգարանում պահվող քաղաքապետի խորհրդանշական լանջաշղթան Հայկ Մարությանին հանձնեցին Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանն ու Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը:
Այնուհետև Հայկ Մարությանը հրավիրեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ օրհնության խոսք ասելու:
Նավասարդ Սրբազանը, ողջունելով ներկաներին, ի մասնավորի ասաց.
«Աստվա՛ծ օգնական, Վեհափա՛ռ Տեր,
Մեծարգո՛ նախագահ,
Մեծարգո՛ վարչապետ,
Սիրելի՛ քաղաքապետ,
Պատվարժա՛ն պետական այրեր,
Նորընտիր ավագանու հարգարժա՛ն անդամներ,
Սիրո ջերմ ողջույններ ամենքիս և Աստծո օրհնությունը բոլորիս այս բացառիկ օրվա առթիվ:
«Առաջնորդն ու նրա ժողովուրդը այնպես պետք է սիրեն միմյանց, որ դժվար լինի որոշել, թե ով է առավել սիրում: Քանզի պիտի ջանան սիրով միմյանց հաղթել, առաջնորդը՝ ժողովրդի օգտի, և ժողովուրդը՝ առաջնորդի հանգստության և խաղաղության»:
Հարգարժա՛ն քաղաքապետ, մեր անկեղծ բարեմաղթանքն է, որ Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու այս հոգեշահ խրատը դառնա Ձեր նոր կենսագրության կարգախոսը: Որպես Հայոց Ոստանի տասներկուերրորդ քաղաքապետ՝ գալիք դժվարությունները կկարողանաք հաղթահարել սիրո ամենազոր ուժականությամբ, երիտասարդական ավյունով առլեցուն, բարոյական մեծ պատասխանատվությամբ՝ կերտելով երևանցիների երազանքների մայրաքաղաքը: Մենք լիահույս ենք, որ Ձեր եռանդուն ջանքերը այս նոր առաքելության մեջ կտան իրենց բարի պտուղները՝ ի ուրախություն Ձեզ անչափ սիրող երևանցիների:
Սիրելի՛ քաղաքապետ և նորընտիր ավագանու հարգարժա՛ն անդամներ,
Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի համագործակցությունը միշտ էլ եղել է արդյունավետ:
Մենք վստահո՛ւմ ենք ձեզ և պատրաստ ենք ուժերի ներածին չափով աջակցել ձեր ազգանվեր գործունեությանը: Վստահաբար կարող ենք ասել, որ ձեր միասնականության, նվիրումի և համագործակցության շնորհիվ «Քա՛յլ արա, Երևա՛ն» տեսլականը կդառնա իրականություն:
Քա՛յլ արա, Երևա՛ն, քա՛յլ արա, երևանցի՛, ձեռք ձեռքի բռնած, միասնական քայլքով մոտեցիր Աստծուն, հետևիր Նրա գծած ճանապարհին, որ Սիրո ճանապարհն է: Քայլի՛ր այդ ճանապարհով, որպեսզի զորանաս, կապվես հողիդ ու հայրենիքիդ, քո երազանքներին և քո վաղվա օրվան:
Քա՛յլ արա, Երևա՛ն, քայլի՛ր Սիրո ճանապարհով: Թող քո սիրասուն զավակների հավատարմության ու նվիրումի ալեծուփ երթը թնդացնի մեր հողը՝ տոկուն պահելով հայոց միասնականության և անսասանության ոգին:
Բյուր օրհնություն, սրտաբուխ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ Հայկ Մարությանին՝ երդմնակալության այս պատասխանատու պահին: Մեր մաղթանքն է, որ Բարեսեր Աստված հաջողությամբ պսակի նրա ազգաշահ ձեռնարկումները: Պարգևի նրան կորով, երիտասարդական խանդավառություն, որպեսզի անխաթար շարունակի իր ընթացքը և բորբոք պահի սերը Երևանի և երևանցիների հանդեպ: «Տեր Աստված մեր, առաջնորդիր մեզ և ուսուցանիր մեզ արդարությամբ գնալ Քո ճանապարհներով, պահիր մեր կյանքը խաղաղության մեջ և մեր ընթացքը` Քեզ հաճելի. ամեն» (ժամագիրք)»:
Վերջում նորընտիր քաղաքապետին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն՝ իր խոոսքում կարևորելով Երևանի ավագանու ընտրությունները` քաղաքական, համապետական իմաստով. «Մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ մարդկանց պոտենցիալ ներգրավել մեր ընդհանուր գործի իրականացման մեջ և պատրաստ ենք համագործակցության բոլոր ցանկացողների հետ: Չպետք է առաջնորդվենք հինը ժխտելու, քանդելու մղումով: Մենք երբեք չենք ասել, որ երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր երկրում արժեքներ չեն ստեղծվել: Մեր խնդիրն է նոր էջ բացել մեր պատմության մեջ, որտեղ գերակա կլինի համաձայնությունը»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին