Ս. Անանիա առաքյալի հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Անանիա առաքյալի հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ս. Անանիա առաքյալի հիշատակության օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Հոկտեմբերի 16-ին՝ Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը, մեծ հանդիսավորությամբ նշվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: Արդեն վեցերորդ տարին է, որ սրբի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար): Վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները և բազմաթիվ ուխտավորներ նախ մասնակցեցին Առավոտյան ժամերգությանն, ապա հանդիսավոր թափորով Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, Ս. Անանիայի մասունքն ուղեկցեցին դեպի  եկեղեցուն կից մատուռ-դամբարան: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը, և ներկաներն ունկնդրեցին սրբի մասին պատմող ավետարանական ընթերցումները: Նշենք, որ եկեղեցու «Զորավոր» անվանումը կապված է թե՛ Ս. Անանիայի մասունքների և թե՛ հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանի (13-րդ դար) հետ, որ ժամանակին այս եկեղեցում է պահվել:
 

Ս. Անանիա առաքյալի հիշատակությունը նշանավորվեց ուխտի Ս. Պատարագով: Պատարագիչը՝ Տեր Վահան քահանա Առաքելյանը, շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ և առաքյալի վարքագրությանն անդրադառնալով՝ մասնավորաբար ասաց. «Սուրբ Անանիան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդն էր, ով արժանացավ լույս պարգևելու Սուրբ Պողոս առաքյալի աչքերին, և առաջին նահատակներից էր, ովքեր չարչարվեցին և մարտիրոսվեցին Աստծո Միածին Որդու անվան համար: Չմոռանանք, որ քրիստոնեական լույսի և սիրո կրողները պետք է լինենք և Սուրբ Անանիայի նման սեր և բժշկություն դառնանք մեզ շրջապատողների համար: Սուրբ Անանիայի նման ամեն մարդ բժշկության շնորհ կարող է չունենալ, բայց ամեն մարդ սեր ու մխիթարություն կարող է պարգևել իր նմանին: Ճշմարտությունը հասկանալու համար մենք ունենք Ավետարանը և երկուհազարամյա մեր եկեղեցին: Մենք պետք է աղոթենք Աստծուն նրանց համար, ովքեր հոգևոր կուրության մեջ են, որպեսզի Տերը գթա նրանց և բացի նրանց աչքերը, որ կարողանան լույսին հետևել: Սուրբ Անանիայի և մյուս բոլոր աշակերտների ու առաքյալների բարեխոսությամբ թող բացվի մեր միտքը աստվածային ճշմարտության առջև, թող չնահանջի մեր հաստատակամությունը՝ հավատարիմ հետևորդներն ու աշակերտները լինելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի»:
 

Մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Ս. Անանիայի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան նրա մասնատուփ-աջի օրհնությանն ու զորությանը:
 

Մարդու մարմինն իր հոգու պատահական հանդերձանքը չէ, այլ ինչպես Սուրբ Գիրքն է ասում, այն կարող է դառնալ Սուրբ Հոգու տաճար (Ա Կորնթ. 6:19), որը չի դադարում այդպիսին լինելուց նաև մահից հետո: Այդ պատճառով եկեղեցին առանձնահատուկ հարգանք է մատուցում սրբերի մասունքներին՝ որպես Ս. Հոգու տաճար: Մարդը ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով կարող է փառաբանել Աստծուն. «Այնպե՛ս ապրեցեք, որ Աստված փառավորվի ձեր մարմիններով» (Ա Կորնթ. 6:20): Սրբերի մասունքների հրաշագործ զորության մասին Ս. Եփրեմ Ասորին ասել է. «Սրբերը մահից հետո էլ շարունակում են գործել. բուժում են հիվանդներին, հեռու են վանում դևերին, քանի որ նրանց մասունքներում Իր հրաշագործ զորությամբ ներկա է Սուրբ Հոգին»:

 

Կարինե Սուգիկյան

  • 2018-10-16
×