Արդեն մի քանի տարի է, ինչ Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը և երիտասարդաց միության անդամները կազմակերպում են «Ազգային խաղեր»։ Կրթության գլխավոր նպատակներից մեկը պիտի լինի ավանդական խաղերի փոխանցումը նոր սերնդին: Խաղը ոչ միայն կազմակերպում է երեխային որպես անհատ, այլև դաստիարակում է նրա մեջ մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, ճարպկություն, հմտություն և այլն։ Ազգային խաղին մասնակցում էին Դավթաշեն վարչական շրջանի դպրոցների՝ 8-9-րդ դասարանների աշակերտները։ Խաղի ընթացքում երեխաներին հնարավորություն տրվեց շփվել երիտասարդաց միության սաների հետ, ծանոթանալ ազգային խաղերին և սովորել ակտիվ կյանք վարել և՛ դպրոցում, և՛ դպրոցից դուրս։
Խաղի մասնակիցները հաջորդ շաբաթ Տեր Խորեն քահանա Մարուքյանի գլխավորությամբ կմեկնեն ուխտագնացության՝ Արագածոտնի մարզ, Եղիպատրուշ գյուղի Ս․Աստվածածին եկեղեցի՝ տեսնելու և միաժամանակ, ծանոթանալու եկեղեցու պատմությանը։ Նմանատիպ ուխտագնացությունները նպաստում են երեխաների հոգևոր և բարոյական արժեքների հարստացմանը և ճանաչողական մեծ նշանակություն ունեն նրանց կյանքում։