Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Գյուտ Խաչի տոնն այս տարի առաջին անգամ հայտարարվել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր՝ ի պատիվ այնտեղ պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը, իսկ խաչի թևերում չորս սրբերի՝ Սուրբ Բարսեղ Մեծի, Սուրբ Մակարիոսի և անհայտ երկու սրբերի մասունքներ:
Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Առավոտյան ժամերգությանը, ապա՝ ուխտի Ս. Պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Պատարագի ավարտից հետո համայնքի անդամներն ու ուխտավորները հաղորդակից եղան Զորավոր մասնատուփ-պահարանի օրհնությանը՝ հայցելով Տիրոջից մասնատուփ-պահարանում պահվող սրբերի բարեխոսությունը և Սուրբ Խաչի զորությունը:
Եկեղեցու հայրերի վկայությամբ՝ այն եկեղեցիներում, ուր պահվում են սրբերի մասունքներ, տվյալ սրբերը ոչ միայն ներկա են արարողություններին, այլ նաև բարեխոս են Տիրոջ առջև ներկաների համար: Մեր փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, պարգևել է մեզ փրկարար աղբյուրներ՝ սրբերի մասունքները, որոնց օրհնությանն արժանանում են նրանք, ովքեր հավատքով հաղորդակից են լինում նրանց: Ինչպես Ս. Հովհան Ոսկեբերանն ասել՝ «Աստված սրբերի մասունքները պարգևում է մեզ՝ որպես հուսալի ապաստարան և պաշտպանություն ընդդեմ չարի: Ուստի հորդորում եմ բոլորիդ, եթե տխրության մեջ է ինչ-որ մեկը, հիվանդ է կամ դժվարությունների մեջ, կամ ընկել է մեղքերի խորխորատը, ապա շտապեք հավատքով դեպի սուրբ մասունքները, մեծ օգնություն կստանանք և կվերադառնաք այնտեղից մեծ ուրախությամբ»: