Արդեն 3-րդ տարին է, ինչ Արարատյան Հայրապետական թեմի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Բամբակ» տիկնանց միության նախաձեռնությամբ և Տեր Ղազար քահանա Պետրոսյանի գլխավորությամբ իրականանում է «Գուլպաներ զինվորին» ծրագիրը, որի շրջանակներում տիկնանց միության կանայք գուլպաներ են գործում՝ սահմանին ծառայող մեր քաջ զինվորներին: Զինվորների համար գուլպաներ գործելը շատ է ոգևորել համայնքի կանանց, և նրանք առանց վարանելու, ցանկություն են հայտնել մասնակից լինել այս կարևոր ծրագրին: «Սա հայ մայրերին բնորոշ և նրանց կերպարը հարստացնող շնորհներից մեկն է: Երբ սահմանին կանգնած տղաները օր ու գիշեր՝ անկախ եղանակային պայմաններից, պահում են մեր բոլորի անվտանգությունը, մենք էլ այս կերպ փորձում ենք լինել մեր զինվորի կողքին, չնայած՝ սա շատ փոքր աջակցություն է, բայց մեր օրինակով ցանկություն ունեցանք վարակել շատերին» - ասաց Տեր Ղազար քհն. Պետրոսյանը: Կանանց՝ ամիսներ շարունակ գործած գուլպաները, որոնց մեջ դրված է մեծ սեր և ջերմություն, շատ շուտով կհասնեն սահմանին ծառայող մեր զինվորներին:
Մարիետտա Խաչատրյան