Արդեն 5-րդ տարին է՝ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ թեմի երիտասարդները Սուրբ Խաչին նվիրված տոներից առթիվ իրականացնում են «Խաչի քարոզ» ծրագիրը:
Հոկտեմբերի 28-ին՝ Գյուտ Խաչի տոնի օրը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Դավթաշեն վարչական շրջանում իրականացրեցին խաչի քարոզ. օրհնված խաչեր նվիրեցին երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ նրանցից վերցնելով աչքուլունքները, իսկ ուղևորներին և կանգառներում սպասող անցորդներին նվիրեցին աղոթաթերթեր:
Նախաձեռնությունից առաջ երիտասարդները Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցեցին տոնին նվիրված Սուրբ Պատարագին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը, օրհնելով երիտասարդներին, մաղթեց, որ Երկնավոր Հայրը Սուրբ Հոգու շնորհներով արգասավորի իրենց կարևոր առաքելությունը:
Հավարտ Ս.Պատարագի երիտասարդների համար մատուցվեց սիրո ճաշ: