Նոյեմբերի 10-ին Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Գաբրիել և Միքայել հրեշտակապետների տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ մեկնեց ուխտագնացության դեպի Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հրեշտակապետաց եկեղեցում Տեր Միքայելը Սուրբ և անմահ Պատարագ մատուցեց:
Հընթացս Ս. Պատարագի տեր հայրը քարոզ խոսեց՝ ի մասնավորի ասելով. «…Այսօր՝ Սուրբ Պատարագի ընթացքում, ընթերցվեց Ավետարանից մի հատված, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս նախապես զգուշացնում է փոքրիկներին գայթակղեցնողներին` ասելով, որ նրանց հրեշտակներն ամեն օր տեսնում են երեսն իմ հոր։ Աստվածաշունչ մատյանում մենք հաճախ հանդիպում ենք հրեշտակների` մարդկանց հետ ունեցած առընչությանը, որտեղ նրանք ներկայանում են իբրև Ամենազոր Աստուծո պատգամաբերներ, որն էլ իր հերթին իրենից ներկայացնում է ծառայություն։
Այո՛, հրեշտակներն իբրև սպասավորներ, ամեն օր անտրտունջ և անշահախնդիր ծառայում են Աստծուն և պահպանում են մեր հոգևոր անդորրն ու անվրդով կյանքը, սակայն մենք որքանով ենք կարողանում հասկանալ նրանց կատարած ծառայության արժեքն ու կարևորությունը, դա կախված է մեր ունեցած հոգևոր պատրաստվածությունից…
… Գաբրիել հրեշտակապետը Աստծո պատգամները մարդկանց մշտական փոխանցողը եղավ, Միքայել հրեշտակապետը Աստուծո ժողովրդի մշտական պաշտպանը եղավ, ուրեմն մենք էլ կարողանանք օրինակ վերցնել նրանցից և մեր ծառայության մեջ հասնելով կատարելության` փոխանցենք Աստծո խոսքը իբրև պատգամ և պաշտպանենք այդ պատգամներից դեպի Աստված եկող մեր ժողովրդին։
Եվ այսօր դիմելով հրեշտակապետերին և երկնային ողջ զորքերին աղոթենք Սուրբ Կիպրիանոսի հետ և ասենք. «Անեղ, անմահ Արարչին սպասավորք անմարմինք` վերին զօրացն դասապետութիւնք, Աթոռք, Քերովբէք եւ Սերովբէք, Տէրութիւնք, Զօրութիւնք եւ Իշխանութիւնք, Պետութիւնք, Հրեշտակապետք եւ հրեշտակք, Միքայէլ եւ Գաբրիէլ, Պետք վերնական զօրացն դասուց, որք անլռելի ձայնիւ փառաբանութիւն մատուցանէք Ամենասուրբ Երրորդութեանն, եւ երեքսրբեան ձայնիւ եղանակէք զերգս ասելով. Ողորմեա՛, Դու ստեղծեր, մի կորուսաներ. զգործս ձեռաց քոց մի անտես առներ, օգնական եւ պահապան լերուք ծառայիս Աստուծո. ամէն»։