Նոյեմբերի 20-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Վիվարդ» մշակութային-հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ստեղծագործող Վարդուհի Գասպարյանի գրքի շնորհանդեսը: Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, ինչից հետո տրվեց միջոցառման մեկնարկը: Գրքի հեղինակը մեզ հետ զրույցում պատմեց. «Արդեն մեկ տարուց ավել է, որ իրականացնում եմ «Հյուսիսարևելյան դարպասներ» ծրագիրը, ինչի շրջանակում լույս տեսավ «Հայրենիքի կանչով» գիրքը: Այն պատմում է 90-ականներից մինչև մերօրյա հերոսների քաջագործությունների մասին: Ամեն գրքում ներառված են 60-70 հերոս տղաների մասին պատմություններ: Երկրորդ գիրքը, որի շնորհանդեսն այսօր է, կոչվում է «Անպարտելիները»: Գրքում ներառված են անհատ հեղինակների ստեղծագործություններ հայոց բանակի հերոսների մասին»:
Միջոցառմանը ներկա էին հերոսների մայրերը և նրանց հարազատները, ովքեր իրենց խորին շնորհակալությունն էին հայտնում Վարդուհի Գասպարյանին՝ նման հրաշալի նախաձեռնության համար:
Մենք զրուցեցինք նաև 2010 թվականին Աղդամում զոհված հերոս՝ Մարգարյան Նարեկի մայրիկի` Ղուկասյան Աղավնիի հետ, ով «Հրադադար. մարդկային կորստի ցավ» կազմակերպության նախագահն է. «Ես շատ հպարտ եմ, որ ճանաչում եմ Վարդուհուն: Նա իսկական հայուհու կերպար է, ով ցավ է ապրում բոլորի հետ: Կորցնելով Նարեկին՝ ես գտա Վարդուհուն»:
Մարիետտա Խաչատրյան