Ինչ եմ ես ուտում, ինչ եմ «լցնում» ես իմ մեջ, ինչով եմ ես «լցվում»: Ես այն եմ, ինչով սնվում եմ, եւ ես այնպիսին եմ, ինչպես սնվում եմ, եւ ես այնքան եմ, ինչքան սնվում եմ: Ճանաչողության նպատակով մարդը պետք է ձգտի ինքն իրեն զննելով հասկանալ, թե ինչն է իրեն տալիս հագեցվածության, բավարարվածության զգացողություն, երբ է զգում, որ կշտացած է, բավարարված է եւ ինչ չափաբաժին է իրապես իրեն կշտացնում: Գուցե կան բաներ, ինչի կարիքը մեր օրգանիզմն իրականում բնավ չունի: Մարդը անընդհատ հետեւելով ինքն իրեն` կարողանում է հասկանալ սեփական անձը: Ժամանակ առ ժամանակ նայելով մեր շուրջը` մենք ավելի խորությամբ ենք ընկալում այն արժեհամակարգը, որով մենք շրջապատում ենք ինքներս մեզ: Սա արվում է բացառապես բոլոր զգայարանների միջոցով. տեսողություն, լսողություն, համ, հոտ, շոշափելիք: Ինչ եմ հիմնականում գերադասում, նախընտրում, ցանկանում լսել, տեսնել, ուտել կամ խմել, հոտը զգալ: Սրանց մի ճնշող մեծամասնությունը կարող է լինել ուղղակի ասոցիատիվ: Ասել է թե, իրականում գուցե մեր մարմինը, միտքը պահանջ չունեն «սնվելու» այն ամենով, ինչով մենք ենք «սնում» նրանց: Կամ ուղղակի սովորություն կարող է լինել, իներցիա…. Ինչքանով է մարդը պատրաստ լինել ինքն իր նման: Սա այդքան էլ հեշտ բան չէ: Որովհետեւ չկան միանման մարդիկ, գուցե մենակության զգացողություն առաջանա մարդու մեջ սրանից հետո, ու դա օտարացնի նրան շրջապատից: Գուցե շրջապատը սկսի ձանձրացնել միօրինակությամբ: Դրա համար հիմնվել պետք է ինքնատիպության վրա, որպեսզի կարողանանք աստիճանաբար սովորեցնել մեզ սովին:Եվ սկսել պետք է այնտեղից, որ «ես ինքնատիպ չեմ»: Այսինքն, խնդիրը ոչ ինքնատիպ լինելու մեջ է: Կամ գուցե ես ինձ նման չեմ, այլ նման եմ խմբին: Սկզբում այս խումբը ընտանիքն է, հետո ընկերական շրջապատը, հետո աշխատակազմը, այսինքն սկսվում է կոլեկտիվիզմ ամենուր: Կորչում է ինքնատիպությունը: Ճիշտ նույն ձեւով չափի զգացողությունն է զարգանում մեր մեջ, ուտել ու խմել կողքինի հետ, նրա նման ու նրա չափ: Ես դառնում եմ շատերից մեկը: Իհարկե հակառակ ծայրահեղությունը եւս կա. երբ մարդն իր ինքնատիպությունը կամ ապրելակերպի սեփական ձեւը դրսեւորելու համար ընտրում է միայն ու միայն մի ճանապարհ` անընդհատ տարբերվելը: Այսինքն, նպատակը դառնում է ուղղակի տարբերվելը եւ ոչ ինքն իրեն նմանվելը: Սա իհարկե երկար պրոցես է. մենք ապրում ենք, սխալվում եւ հետո միայն սկսում ուղղել սխալները: «Հետ գնալու» համար ավելի շատ ջանք պետք է գործադրել: Սով պահելու համար մարդ նաեւ պետք է իր մեջ զարգացնի «մենակ» սնվելու հոգեբանությունը: Ի վերջո խմբով սեղան նստելը արարողակարգի պես մի բան է: Բոլորն ուտում են, ես` ոչ: Կամ պետք է անընդհատ պատրաստ լինել պատասխանելու նույն հարցերին. ինչու չես ուտում, ինչքան ժամանակ է, որ չես ուտում…. Սովն իր հետ բերում է ոչ միայն կամքի, ուժեղ կամքի դրսեւորում, այլ նաեւ ինքնուրույնություն: Սակայն սովի ամենակարեւոր առավելությունը ներդաշնակությունն է, ինքնակառավարումը ներդաշնակության հասնելու կարեւոր քայլերից է: Այն ուժը, որ մարդ ստանում է ինքնակառավարման արդյունքում, թերեւս ոչնչի հետ համեմատել չենք կարող: Ես ինձ սովորեցնում եմ մի բանի, ինչի հասնելը դժվար է, իսկ պահելը եւ ամենօրյա գայթակղություններին տեղի չտալը` առավել դժվար: Սա ճանապարհ է դեպի սկիզբ, վերադարձ ինքդ քեզ ու սկզբնական մաքուր վիճակին: Սա նաեւ ինքնագնահատականի բարձրացման լավագույն մեթոդներից է: Բոլորին է հայտնի, թե սովաբուժության միջոցով ինչ արդյունքների կարելի է հասնել. փաստացի ֆիզիկական արդյունքները կարող են տեսնել բժիշկները, մարդիկ, իսկ այ հոգեկան արդյունքերը ամենից սուր տեսնում է հենց ինքը մարդը եւ ինչքան երկար է պահվում սովը, ինչքան հաճախակի է մարդը սով պահում, այնքան ավելի խորքային շերտեր է բացահայտում ինքն իր ներսում: Սա բերում է մի արդյունքի, որը մարդուց դուրս ոչ ոք չի կարող տալ նրան: Տվյալ արդյունքին չեն կարող հասնել ո’չ հոգեբանները, ո’չ հոգեբույժները: Այս ամենին մարդը սկսում է տիրապետել ներհայեցողության միջոցով ու հասկանում, գուցե նաեւ բացահայտում իր համար անծանոթ, նախկինում քնած մի անձի, որն առավել քան նոր ու հետաքրքիր է երեւում իր աչքին: Քանի որ մարդ նորից ու նորից վերցնում է այն, ինչ տրվել է Աստծուց: Մարդը վերցնում է իր մարմինը, իր միտքը, իր հոգեկան ու հոգեւոր աշխարհը եւ զտում ու մաքրում է այս ամենը յուրովի, քանզի մենք տարբեր ենք, եւ ոչինչ այնքան հետաքրքիր չի դարձնում մեզ, ինչքան մեր տարօրինակությունները: Մեզնից յուրաքանչյուրն ունի սեփական անձնային առաքելություն, որին հասնելու համար եւ որը գտնելու համար ուղղակի պետք է նայենք մեր մեջ ու սկսենք կառավարել այն: Մարդուն այդքան էլ բարդ աշխատանք չի տրված, ուղղակի պետք է վերցնել այն, ինչ մերն է ու չտրտնջալ:
Աղբյուր՝ pahq.info