Նոյեմբերի 24-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակներում, «Արև-երեխաներ» ՀԿ-ի և բժիշկ-մասնագետների միջև տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց «Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի ժամանակակից չափորոշիչների մշակում» թեման:
Մինչ քննարկումը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և շնորհակալություն հայտնեց՝ հանդիպմանը ներկա գտնվելու, ծրագրին պատրաստակամորեն մասնակցելու և աջակցելու համար: Քանի որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մինչև կյանքի վերջ փոխարինող թերապիայի կարիք ունեն, ուստի «Արև-երեխաներ» ՀԿ-ն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հետ համատեղ երեխաների համար պարբերաբար կազմակերպում է բժշկական հետազոտություններ և խորհրդատվություններ:
Հանդիպմանը նախ հանդես եկավ «ԱրԲեՍ» ԱԿ-ի բժիշկ-վերականգնողաբան Գայանե Զաքարյանը: Բժիշկ-վերականգնողաբանը մատնանշեց այն բուժհետազոտությունները, որոնք կարևոր են Դաունի համախտանիշ ունեցող երեխայի առողջ զարգացման համար: «Երբեմն ինձ հարց են տալիս, թե ավելի ճիշտ չէ, որ արատ կամ հիվանդություն ունեցող երեխայի կյանքը դադարեցվի դեռ ներարգանդային շրջանից: Ես չեմ ընդունում այդ մոտեցումը, ինչ ախտորոշումով էլ որ ծնվի երեխան, նա իրավունք ունի ծնողական սիրո, ջերմության և խնամքի»,- ասաց բժիշկ-վերականգնողաբան Գայանե Զաքարյանը:
Քննարկվող թեմայի շուրջ իրենց կարևոր դիտարկումներով և առաջարկներով հանդես եկան նաև ակնաբույժ Ինգա Սամվելովնան, գենետիկ Գոհար Ռուսլանովնան, էնդոկրինոլոգ Գայանե Մելսովնան և հանդիպմանը ներկա մյուս նեղ-մասնագետները:
Աստծո արարաչագործության պսակն ու նպատակն է մարդը, որ արարվել է Աստծո պատկերով ու նմանությամբ: Մեծագույն արժեք է մարդը և այդ արժեքը, ինչպես նշում է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը, արժևորողը հենց մարդն է. «Միայն քեզ համար ապրածդ կյանքը գերեզման է դառնալու քեզ համար, իսկ կյանքը՝ ուրիշի համար ապրած, դրախտ է դառնալու քեզ համար: Չմոռանաս՝ մարդը մա՛րդ է մարդով»:
Կարինե Սուգիկյան