Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամփոփվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամփոփվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամփոփվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը

Նոյեմբերի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով եռօրյա կոնֆերանսը`  կազմակերպված «Դիալոգ» հասարակական կազմակերպության գործակցությամբ:  Գիտաժողովին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին Արարատյան Հայրապետական թեմի քահանաները, սարկավագները և երիտասարդաց  միության անդամները:

Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո կոնֆերանսին մասնակից եկեղեցականներին և աշխարհականներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունները՝ բարի ընթացք մաղթելով կոնֆերանսի աշխատանքներին: 


Նաթան սրբազանն ընդգծեց, որ քննարկվելիք թեմաներն ու խնդիրները քրիստոնեության առաջին իսկ օրերից եղել են և մշտապես հուզել մարդ արարածին:


 «Մեր օրերում ևս այդ խնդիրները մենք համարում ենք շատ արդիական, որովհետև ընդհանուր աշխարհի մեջ քրիստոնեական արժեքների պահպանումն ավելի ու ավելի դժվար է դառնում:  Ըստ իս՝ առաջին և ամենակարևոր պայմանն այն է, որ քրիստոնեական բարոյականությունը կարող է կյանքի կոչվել և մեր ամենօրյա կյանքի մաս լինել միայն այն ժամանակ, երբ մենք այն ընդունում ենք ոչ թե իբրև օրենք, բարոյական նորմ կամ կանոն, այլ մեր քրիստոնեական հավատքի վրա հիմնված կենսակերպ»:
 

Ներկաներին ողջունեց նաև «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանը: 

Եռօրյա կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին  զեկույցներ «Ժամանակակից աշխարհը և հակաքրիստոնեության դրսևորումները», «Աշխարհիկացումը և բարոյականության հիմնախնդիրները 21-րդ դարում», «Քրիստոնեական արժեհամակարգի դիտարկումը միջանձնային փոխհարաբերությունների կառուցվածքում», «Բարոյականության արժեքները Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշման կոնտեքստում», «Քրիստոնեական ընտանիքի մոդելը ժամանակակից հասարակության կառուցվածքում» և այլ թեմաներով: «Մանիպուլյացիաները ԶԼՄ-ում» զեկույցով  հանդես եկավ ԱՀԹ  տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը:

Գիտաժողովի ավարտին մասնակիցները առիթ ունեցան հանդիպել և հարցեր ուղղել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

  • 2018-11-26
×