Դեկտեմբերի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ Ս. Աբգար թագավորի հիշատակության օրը տեղի ունեցավ արքային վայել խաղի՝ շախմատի ամենամյա մրցաշարը: Մրցաշարն իրականացվում է ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ. «2013 թ.-ին առաջին անգամ կազմակերպեցինք Սուրբ Աբգար թագավորի տոնին նվիրված շախմատային մրցաշար: Գաղափարը երիտասարդաց միության անդամներինն էր, ինչը ոգևորող էր ոչ միայն ինձ համար, այլև՝ մասնակիցների, ովքեր ամեն տարի մեծ անհամբերությամբ են սպասում շախմատային այս մրցաշարին»: Խաղը նպատակ ունի վերաարժևորել Սուրբ Աբգար թագավորի հիշատակը: Նա առաջին արքան էր, ով Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում ընդունեց Նրան՝ որպես Աստված` հրավիրելով գալ ու թագավորել Եդեսիայում»:
Խաղն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները խաղացին միմյանց հետ, իսկ առաջին փուլը հաղթահարածների հետ միաժամանակյա խաղ անցկացրին աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և պատանիների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի մեծահասակների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:
Խաղի ընթացքում մենք զրուցեցինք ԱՀԹ երիտասարդաց միության ատենապետի՝ Վահան Մարդյանի հետ: «Փառատոնի նպատակը Սուրբ Աբգար թագավորի տոնին արքայական խաղ անցկացնելն էր: Այն խորհրդավոր է նրանով, որ Աբգար թագավորը խաղի շուրջ հրավիրել է տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդկանց՝ փոքրից մինչև մեծահասակ, շինարարից մինչև ոստիկան»:
12 տարեկան Էմին Օհանյանը, ով հաճախում է Դավթաշենի շախմատի մանկապատանեկան դպրոց, արդեն 3-րդ անգամն է մասնակցում շախմատային այս մրցաշարին: Ինչպես անցած տարի, այս տարի ևս, նա բախտ ունեցավ խաղալու Զավեն Անդրիասյանի հետ ու դարձյալ շախմատային տախտակի առաջ նրանք իրենց խաղը ավարտեցին ոչ-ոքի:
Գրոսմայստերների հետ խաղը ոչ-ոքի ավարտեցին նաև Էդգար Հայրապետյանը, և Էրիկ Գասպարյանը:
Խաղի ավարտին Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը պատվոգրեր, շնորհակալագրեր և խրախուսական նվերներ հանձնեց մասնակիցներին, գրոսմայստերներին և խաղի մրցավար՝ Նորայր Քալանթարյանին։
Մարիետտա Խաչատրյան