Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի նախաձեռնությամբ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, Արարատյան Հայրապետական թեմի կողմից կազմակերպվող բարեգործական ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 6-ը անցկացրին «Հայաստան» կինոթատրոնում, դիտեցին «Էլիոն» մուտլֆիլմը, այնուհետև այցելեցին եկեղեցի, որտեղ իրենց օրը տոնի վերածեց խաղավարն իր երգ ու պարով. «Մենք հաճախ ենք կազմակերպում նմանատիպ հանդիպումներ մանկատան սաների հետ և փորձում ամեն հարցով աջակից լինել: Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս բացառություն չէր:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ այս անգամ հավաքվել ենք երեխաներին ուրախացնելու և բաժանելու Հերմինե Սարգսյանի կողմից տրամադրված նվերները»,- մեզ հետ զրույցում պատմեց Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը:
Հանդիպման ավարտին, Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը ողջունեց ներկաներին և կարևորեց այս տեսակ հանդիպումները. «Մենք մեծ ուրախությամբ և անհամբերությամբ ենք սպասում մեր հանդիպումներին: Ցանկանում եմ, որ Աստծո օրհնությունը միշտ ուղեկից լինի ձեզ և ուրախությունը մշտապես բնակվի ձեր հոգիներում»:
Լիլիանա Օսիպյան