Տեղի ունեցավ դպիրների և ուրարակիրների թեկնածուների քննություն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեղի ունեցավ դպիրների և ուրարակիրների թեկնածուների քննություն

Տեղի ունեցավ դպիրների և ուրարակիրների թեկնածուների քննություն

Առաջնորդարանի սպասասրահը սովորականից ավելի մարդաշատ էր. այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ դպիրների և ուրարակիրների թեկնածուների քննություն:

Քննական հանձնաժողովի կազմում էին՝ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը, Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանը, Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը և Հովհաննես սարկավագ Ներսեսյանը:

 

Դիմորդները 67-ն էին՝ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայնքներից, ովքեր առաջադրվել էին հովիվների կողմից: Մարդիկ, ովքեր ծառայում են թեմի եկեղեցիներում և օգտակար լինում իրենց համայնքի հովվական և ծիսական կյանքին:

 

Հանձնաժողովի անդամ Տեր Եսայի քահանա Արթենյանի տպավորությամբ բոլորն էլ պատրաստված են եկել քննության. «Հիմնականում դիմորդները պատրաստված են եկել քննության: Ըստ երևույթին, երբ երկար տարիներ ծառայում են եկեղեցում, մասնակցում Ս. Պատարագների, Ժամերգությունների, ապա այս քննությունը բարեհաջող կարողանում են հանձնել»:

 

Այս տարվա քննությունը հաջողությամբ հանձնած մարդիկ դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ կստանան դպրական և ուրարակրի աստիճան:

 

Սովորության համաձայն՝ այդ արարողությունը տեղի է ունենում հենց դեկտեմբերի 25-ին, որովհետև այդ օրը նշվում է Ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը: Նա Ընդհանրական եկեղեցու ամենասիրված սրբերից է և առաջին նահատակված սարկավագը, ուստի հենց այդ օրն էլ համարվում է նաև սարկավագաների տոն:

 

 

Լիլիանա Օսիպյան

  • 2018-12-15
×